‼ Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան,
որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`
  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում,
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
  • ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
  • հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,
  • չաղտոտել շրջակայքը,
  • շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին,
  • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
  • խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին։

 

Սիրելի՛ բուժաշխատող, շնորհավոր արժանի տոնդ,

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ անում եք Դուք։
Բուժաշխատողների շարքում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբաններն ու նրանց օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների մասնագիտական թիմերն՝ իրենց ամենօրյա պարտականությունները կատարողները։
Ձեր մասնագիտական առաքելությունն ամենամարդկայինն ու կարևորների շարքում է։

Եղե՛ք առողջ և անվտանգ։
Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

ԱԱՏՄ աշխատողները մասնակցել են աշխատանքային օրենսդրության վերաբերյալ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և տեսչականի աշխատակիցները մասնակցել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին նվիրված՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը։

Ողջույնի խոսքով  հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ Գոհար Դարբինյանը կարևորել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։

Մասնակիցների ելույթներին հաջորդել է քննարկում, հարց ու պատասխան։