Հարգելի գործատուներ,

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է.

— ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար,

— հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը,

— ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր,

— հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ,

— բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար աշխատատեղերը և հանգստի տեղերն ապահովել լվացվելու և խմելու ջրով:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ է ԿԱՏԱՐՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔՈՒՄ

Փոփոխվել է նպաստների հաշվարկման կարգը, որն ուժի մեջ է մտել 20.06.2021թ.-ից

— Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն այսուհետ վճարվելու է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար՝ սկսած առաջին օրվանից,
— եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից,
— այսուհետ նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը։

Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։

Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։

Տեղերը սահմանափակ են։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։