Վարչական վարույթներ՝  Գեղարքունիքի  և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի  և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների  խախտման, ինչպես նաև հաստատություններում  չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։

Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝  որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում,  սենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում է նույնիսկ 8-13⁰C պայմաններում։

Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացի մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ իրազեկման աշխատանք է կատարել՝ հորդորելով ուսումնական հաստատությունների պատասխանատուներին խստագույնս պահպանել առողջապահության նախարարի թիվ 12 հրամանով սահմանված պահանջները։

Վարչական վարույթները շարունակական են լինելու, դրանց ամփոփումից հետո վերջնարդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

 

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Գյումրիի համայնքապետարանում և կոմունալ ծառայությունում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրիի համայնքապետարանում, կոմունալ ծառայությունում, դպրոցներում, մանկապարտեզներում և փակ արտադրական տարածքներում։

Covid-անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, գրասենյակներում և մանրամեծածախ խանութներում։

Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Ստուգայցերին զուգահեռ իրականացվել է իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցվել են իրազեկման թերթիկներ։

 

 

ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի տեսուչների ստուգայցը՝ Կապան և Գորիս  քաղաքների տնտեսավարողների շրջանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Կապան և Գորիս  քաղաքների դեղատներում, արտադրական տարածքներում, հյուրանոցներում, գրասենյակներում, մանկապարտեզներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։