ԱԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի ներքո

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը հունվարի 26-27-ին մասնակցել են աշխատանքային վեճերի կարգավորման թեմայով Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության գործիքի ներքո կազմակերպված առցանց աշխատաժողովին։
 
Երկօրյա ինտերակտիվ միջոցառման շրջանակներում լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի հանրապետության աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի փորձը։
 
Առցանց աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է Լիտվայի աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի մանդատը և գործառնական շրջանակը, կառույցի աշխատանքներում սոցիալական գործընկերների դերն ու պարտականությունները, հանձնաժողովի կողմից քննարկվող աշխատանքային վեճերի շրջանակը (տեսակները), հաշվետվողականության մեխանիզմը, պահանջվող մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները և այլ հարցեր։
 
Փորձի փոխանակմանը միտված աշխատաժողովի արդյունքում ակնկալվում է, որ հայկական կողմի մասնագետները հետագայում, ըստ նպատակահարմարության, Հայաստանում կտեղայնացնեն ուսումնասիրված մոդելը։
 
Միջոցառումը կազմակերպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Թայեքս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրահանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում: 

Թայեքսը հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ: 


ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ։ Այսօր հանդիպել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին,  տրամադրել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար, խորհրդատվություն ստանալու համար ևս մեկ անգամ հիշեցրել են ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարը։

Քննարկումների ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, որոնց ԱԱՏՄ աշխատակիցները տվել են սպառիչ պատասխաններ։

Քննարկումներից և իրազեկման աշխատանքներից հետո Տեսչական մարմնի տեսուչները ստուգայցերի միջոցով դիտարկում են անվտանգության նորմերի պահպանումը նշված հաստատություններում։

Զուգահեռ Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են նաև ստուգայցեր։