Հրապարակվել է ՀՀ ԱԱՏՄ 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը

Հրապարակվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում՝ https://www.hlib.am/applications/։

Եկող տարվա ընթացքում, ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի, նախատեսվում է իրականացնել 266 ստուգում 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ (որից 186-ը՝ բարձր, 67-ը՝ միջին, 13-ը՝ ցածր ռիսկայնության)։ Դրանց ռիսկայնությունը որոշվել է՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված մեթոդաբանության։

Ստուգումների տարեկան ծրագրում որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներառվել են մեկից ավելի անգամ, եթե ռիսկային են համարվել մեկից ավելի ոլորտում։

ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտները հետեւյալն են՝

— Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառ,

— Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,

— Բժշկական սպասարկման բնագավառ,

— Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ։

Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

Ստուգայց՝ Երեւանի քաղաքապետարանում և տոնավաճառում

Երեւանի քաղաքապետարանում նախորդիվ արձանագրված որոշ թերությունների վերացված լինելը պարզելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր կրկնայց են կատարել։

Արձանագրվել է, որ ախտահանման եւ ջերմաչափման գրանցամատյանները շարունակում են չհամապատասխանել սահմանված ձեւաչափին։ Աշխատակիցների ջերմությունը չափվում է օրական մեկ անգամ, թեեւ սահմանված է օրական 2 անգամ պարտադիր ջերմաչափում։ Աղբամանների քանակը եւս չի համապատասխանել սահմանված նորմերին։

Ստուգայց է անցկացվել նաեւ Երեւան տոնավաճառում։ Հիմնական խախտումներից են գրանցամատյանները հին ձևաչափերով լրացնելը, որոշ դեպքերում դիմակներ չկրելը կամ պատշաճ չկրելը։

Ըստ տեսչական մարմնի մասնագետների՝ վերջին օրերի ստուգայցերը փաստում են, որ համավարակի տարածումը կանխելուն միտված անվտանգության նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։

Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին ԱԱՏՄ տեսուչները տալիս են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարականներ։ Անակնկալ ստուգայցերը, այդ թվում` կրկնայցերը, շարունակվում են։

 

Ստուգայցեր՝ Վայոց ձորի մարզի ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում

Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների նշված կառույցներում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։

Ստուգայցի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։ Ստուգվել է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Այսօր Վայոց ձորում դիտարկվել են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, հյուրանոցներ, դեղատներ, փակ արտադրական կազմակերպություններ, գեղեցկության սրահներ և առևտրի մանրամեծածախ կետեր։ Անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։