Ստուգայցեր՝ Վայոց ձորի մարզի ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում

Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների նշված կառույցներում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։

Ստուգայցի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։ Ստուգվել է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Այսօր Վայոց ձորում դիտարկվել են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, հյուրանոցներ, դեղատներ, փակ արտադրական կազմակերպություններ, գեղեցկության սրահներ և առևտրի մանրամեծածախ կետեր։ Անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։

  
 

Հրապարակվել են ԱԱՏՄ տարեկան ծրագրերը․ Ի՞նչ հիմնական անելիքներ ու ստուգումներ են նախանշվում 2021 թվականին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ԱԱՏՄ 2021 թ․ տարեկան ծրագիրը, ստուգումների եւ որակի վերահսկողության տարեկան ծրագրերը, որոնք տեղադրված են ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում՝ https://www.hlib.am/applications/։

Տարեկան գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաժնից՝

  1. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտների ընդհանուր իրավիճակ,
  2. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա խնդիրներ և բացահայտված ռիսկեր,
  3. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված, ինչպես նաև կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ:

Երրորդ բաժինը ներառում է հետևյալ երկու հավելվածը.

  1. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ,
  2. ԱԱՏՄ կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ:

Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

Բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք տեսակներ եւս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման․

ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով  սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների  հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես,

— նմուշառում,

— շարժական նմուշառում,

— շարժական ռենտգենաբանական,

— շարժական ֆլյուորոգրաֆիկ,

— շարժական մամոգրաֆիկ,

— շարժական ուլտրաձայնային,

— շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ,

— շարժական ակնաբանական,

— շարժական ստոմատոլոգիական,

— շարժական պալիատիվ,

— խորհրդատվական։

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ ըստ նոր կարգավորման՝ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։
Այսինքն, օրինակ, տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում։

Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաեւ տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները։

Միաժամանակ, կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:

Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Կառավարությւան նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության եւ սպասարկման ցուցաբերումը եւս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147001