Հուշագիր՝ ՀՀ ԱԱՏՄ եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ․ օրակարգում աշխատանքային իրավունքին եւ անվտանգությանն առնչվող հարցեր են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվել է հուշագիր, որը ստորագրել են ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը և բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Հուշագրի նպատակը երկուստեք վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքների բարելավումն է և կատարելագործումը։

Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվում նախագծեր իրականացնել կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի երկկողմ հետաքրքրության այլ ուղղություններով:

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ այս գործակցության համատեքստում շեշտադրվում է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ուղղությունը։ Վերջինս պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից եկող տարվա համար առաջնահերթորեն է կարևորվում, քանի որ 2021-ի հուլիսի 1-ից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ գործառույթները զգալիորեն ընդլայնվում են։

«Եկող տարին լինելու է աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի․ դրան են միտված այս ու մի շարք այլ նախաձեռնություններ։ Նախորդիվ արդեն օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Փոփոխվել է ԱԱՏՄ կանոնադրությունը։ Այս համատեքստում մեր տեսուչների թիմի ուժեղացումը հստակ նպատակ է։ Իսկ համալսարանական գործընկերների աջակցությունը շատ կարևոր է նաև մասնագետներ-աշխատաշուկա խզվածությունը փոքրացնելու առումով»,-ընդգծել է Ավագյանը։

Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեծապես կարևորելով գործակցության այս ձևաչափը, հույս է հայտնել, որ ԱԱՏՄ մասնագետների աջակցությամբ կարդիականացվեն ուսումնական նյութերը, իսկ բուհի պատրաստած կադրերը տեսչականում պրակտիկայի միջոցով աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխան կլինեն։ Միաժամանակ, տեսչականի մասնագետները վերապատրաստումներ կանցնեն բուհում համապատասխան դասընթացների միջոցով։

Հանդիպմանը, մասնավորապես, կարևորվել է նաև բուհի կողմից պատրաստվող ուսանողներին աշխատանքային անվտանգության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների փոխանցումը, գործարաններում ռիսկերի գնահատման կադրերի, ինչպես նաև արհմիությունների մասնագետների պատրաստումը, որպեսզի արհմիություններն առավել կենսունակ մարմին դառնան։

Հուշագրով ձեռք բերված պայմանավորվածություններին մեկնարկ կտրվի առաջիկայում։

 

 

 

Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ՝

— Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 66-27.7-Մ3-1)։

Պահանջներ՝

Բարձրագույն կրթություն,
հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ
կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
կամ հասարակության իրազեկման
կամ հասարակայնության հետ կապերի
կամ մամուլի հետ կապերի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ և պաշտոնի առանձնահատկություններից բխող օրենսդրական մի շարք ակտերի իմացություն։

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստով՝ info@hlib.am:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը՝ 07.12.2020թ.՝ ժամը 15.30-ը:

Մանրամասները՝ կից հղումով։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնն իրականացրել է թղթի թափոնի հերթական հավաքը

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնն իրականացրել է թղթի թափոնի հերթական հավաքը։ Թափոնի հանձնումից գոյացած գումարը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։

Նախորդիվ ԱԱՏՄ նույնօրինակ նախաձեռնությունից ստացված գումարը, ի երախտագիտություն մեր պաշտպանների, փոխանցվել էր «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։