Աշխատանքային իրավունքի պաշտպանության խնդրով՝ արդեն շուրջ 40 դիմում-բողոք․ համավարակի շրջանում ինչպես են ընդլայնվել ԱԱՏՄ գործառույթները

Համավարակի շրջանում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն  արդեն ստացել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող շուրջ 40 դիմում-բողոք։ Դրանք վերաբերել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։

«Աշխատանքային իրավունքները՝ համավարակի ընթացքում» խորագրով հեռավար քննարկմանը՝ կազմակերպված «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի կողմից, այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքի վերահսկողության վարչության ավագ տեսուչ Ալվարդ Արշակյանը։
Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավահարաբերություններում օրակարգ եկան մի շարք խնդիրներ, առաջացավ նոր մոտեցումների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ ձեռնարկվեցին մի շարք հրատապ քայլեր։

Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։

Մասնավորապես, աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2020 թ․  ապրիլի 29-ին կատարվել են փոփոխությունները և լրացումները, որոնցով՝

  • սահմանվել է հեռավար աշխատանք հասկացությունը,
  • ամրագրվել է չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով ամենամյա արձակուրդ տրամադրելու գործատուի պարտականությունը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար,
  • սահմանվել է աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու և կարգապահական տույժեր կիրառելու արգելքը և այլն:

 

Համավարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԱԱՏՄ-ն։ Ըստ այդմ՝ ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կկիրառի պատասխանատվության միջոցներ։

Մինչ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մասով ԱԱՏՄ բոլոր գործառույթները 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, ԱԱՏՄ-ն պատրաստվում է այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում։

Վերահսկողական աշխատանքները շարունակում ենք ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում. Ա․ Ասոյան

Կառավարության այսօրվա նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են:

Ավելի վաղ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել էր, որ նախարարությունը թեստավորման աշխատանքներ է սկսել տնտեսվարողների շրջանում և Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել:

«Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են բերում»,- ասել է Ա․ Ասոյանը:

Նա տեղեկացրել է, որ երեք ամիսների 15 օրերի համեմատականով հունիսին գրանցվել է 18.2 տոկոս խախտում ամբողջ ստուգումներում, հուլիսին՝ 5.1 տոկոս, օգոստոսի 15-օրյակին՝ նվազեցնելով հասցվել է մինչև 3.6 տոկոսի:

«Իրականում շատ կան բարեխիղճ տնտեսվարողներ, և նրանք ամեն կերպ փորձում են պահպանել այդ կանոնները, բայց շատ կարևոր է անձնական պատասխանատվության հարցը: Անձնական պատասխանատվության միջոցով միայն հնարավոր կլինի խնդիրը կարգավորել»,- ասել է Ասոյանը՝ նշելով, որ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ ներկայացնելով պարետի նոր կանոնները:

 

Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել գրադարաններում պարետի նոր որոշմամբ

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գրադարանների համար անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ՀՀ պարետի N 253-ն որոշմամբ։

Մասնավորապես,

📌Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.

• Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր,
• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով օրական 1 անգամ,
• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
• Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի,
• Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ,
• Նախքան գրադարան մտնելը այցելուները ջերմաչափվում են հեռավար ջերմաչափով,
• Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան,
• Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով,
• Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,
• Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով) ,
• Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր։