Կառավարության այսօրվա նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են:
Ավելի վաղ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել էր, որ նախարարությունը թեստավորման աշխատանքներ է սկսել տնտեսվարողների շրջանում և Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել:
«Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են բերում»,- ասել է Ա․ Ասոյանը:
Նա տեղեկացրել է, որ երեք ամիսների 15 օրերի համեմատականով հունիսին գրանցվել է 18.2 տոկոս խախտում ամբողջ ստուգումներում, հուլիսին՝ 5.1 տոկոս, օգոստոսի 15-օրյակին՝ նվազեցնելով հասցվել է մինչև 3.6 տոկոսի:
«Իրականում շատ կան բարեխիղճ տնտեսվարողներ, և նրանք ամեն կերպ փորձում են պահպանել այդ կանոնները, բայց շատ կարևոր է անձնական պատասխանատվության հարցը: Անձնական պատասխանատվության միջոցով միայն հնարավոր կլինի խնդիրը կարգավորել»,- ասել է Ասոյանը՝ նշելով, որ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ ներկայացնելով պարետի նոր կանոնները: