
ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա



ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է մշտադիտարկումները: Կրկին դիտարկվել են խոշոր մարզասրահներն ու լողավազանները։ Մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները զուգահեռ մշտադիտարկման աշխատանքները շարունակել են նաև այլ ոլորտների տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։
ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Աղվերանի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։
Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին տարածք, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, գրանցամատյանները համապատասխան ձևաչափով չեն լրացվել, բացակայել են նաև իրազեկման պաստառները։ Այս տարածքում գործող մի շարք հանգստյան տների վերաբերյալ կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։
ԱԱՏՄ մարզային մյուս թիմերը մշտադիտարկում են իրականացրել Սիսիանի, Կապանի մանրամեծածախ առևտուրի կենտրոններում և խախտումներ գրանցել մեծածախ առևտրի կենտրոններում։
Արտաշատ և Արմավիր քաղաքներում դիտարկել են բանկերը, բջջային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները, ատամնաբուժական կաբինետները, գեղեցկության սրահներն ու դեղատները։
Հիմնականում, խախտումներ շարունակում են արձանագրվել գեղեցկության սրահներում և ատամնաբուժարաններում։
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
