Լուրջ առաջընթաց՝ սահմանին․ ԱՀԿ գնահատումն՝ ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի վերաբերյալ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։

Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ  մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում:

Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։

Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,

  • օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,
  • երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,
  • վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։

ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։
Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։

 

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է` Իջեւանում և Դիլիջանում են

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորանավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում:

Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինչպես նաև դիտարկումներին զուգահեռ կատարում են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Հիշեցնենք, որ բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, կայացվում է կասեցման որոշում:

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Դիլիջանում եւ Իջևանում

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։

Դրանք այսօր ընթացել են Դիլիջանում եւ Իջևանում։

Դիլիջան քաղաքում ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են շուրջ 40 տնտեսավարողի գործունեություն՝ մթերային, հագուստի, տնտեսական խանութներում, դեղատներում և այլն: Անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Իջևանում դիտարկված շուրջ 70 տնտեսավարողից 6-ի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետատուն: Դրանց մոտ հիմնականում արձանագրվել են ախտահանման լուծույթների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված թերացումներ. դրանք կամ ճիշտ չեն լրացվել, կամ ընդհանրապես բացակայել են:

Պարետի սահմանած անվտանգության բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը: