ԱԱՏՄ. Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝

  • չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ,

  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր,

  • սննդում չօգտագործել հում սունկ,

  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

  • չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,

  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,

  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:

Եղե՛ք առողջ և անվտանգ։

98 ստուգում` 2021 թ․-ի հունվար-հունիսին. ԱԱՏՄ

2021 թ․-ի հունվար-հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 98 ստուգում, որից 47-ի դեպքում կազմվել է ստուգման ակտ, տրվել է կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին, 51 տեղեկանք։ Ներկայումս 38 ստուգում ընթացքի մեջ է։

Ընդհանուր առմամբ՝ հրապարակվել է 118 հանձնարարագիր՝ 135 ստուգում իրականացնելու նպատակով։

Ստուգումներն իրականացվել են 4 ոլորտներում․

☑️ դեղերի շրջանառության ոլորտ` իրականացվել է 50 թեմատիկ ստուգում, կազմվել է 12 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 8 թեմատիկ ստուգում,

☑️ բժշկական օգնության և սպասարկման ոլորտ`իրականացվել է 11 թեմատիկ ստուգում, կազմվել է 10 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 13 թեմատիկ ստուգում,

☑️ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` իրականացվել է 21 թեմատիկ ստուգում, կազմվել է 14 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 12 թեմատիկ ստուգում,

☑️ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ` իրականացվել է 16 թեմատիկ ստուգում, կազմվել է 11 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։

Նշենք, որ Տեսչական մարմնի 2021 թ․-ի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 266 թեմատիկ ստուգում՝ 241 տնտեսավարող սուբյեկտների մոտ (ըստ 4 ոլորտների), որոնցից 186-ը՝ բարձր ռիսկայնության, 67-ը՝ միջին, և 13-ը՝ ցածր ռիսկայնության։

Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի մեկնարկի ազդարարման միջոցառմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

Կարևորելով միջոցառումը՝ Հակոբ Ավագյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2019 թվականի դեկտեմբերի 4-ի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական նոր լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մտել 2021 թ.-ի հուլիսի 1-ից, թեև, համավարակով պայմանավորված, աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թ.-ի հուլիսից։ Հ․ Ավագյանը նշել է, որ 2020 թ․-ին հարուցվել է 149 վարչական վարույթ, որից 95-ը (հուլիսից սկսած) եղել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ։ 2021 թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ հարուցվել է 175 վարչական վարույթ, որից 136-ը՝ աշխատանքային իրավունքի վերաբերյալ։

«Այս ցուցանիշները վկայում են, որ աշխատանքային իրավունքի ոլորտում առկա բացն անհրաժեշտ է լրացնել, և այդ գործում ակնհայտ է Տեսչական մարմնի հանդեպ վստահությունը»,- նշել է Հ․ Ավագյանը։

Ըստ նրա՝ թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ պայքարի հարցում Տեսչական մարմինը համագործակցում է թե՛ Արդարադատության, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, համատեղ մշակվել է «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» ուղեցույցը, սահմանվել են հարկադիր աշխատանքը բնութագրող «կամավորության բացակայության» և «հարկադրանքի» ցուցիչները, այդ թվում՝ երեխաների համար։ Հ․ Ավագյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ուղեցույցի մասին ավելի լայնածավալ իրազեկում Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսուչների և մեծ թվով աշխատատեղեր ունեցող գործատուների շրջանում։

Տեղեկատվական արշավի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ներգրավված շահագրգիռ այլ կողմեր։