2507 ստուգայց, 61 խախտում. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։

Այս տարեսկզբից մինչ օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։

Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և այլն։

Տեսչական մարմնում ներդրվել է «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» ուղեցույցը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում ԱԱՏՄ ղեկավարի հրամանով Տեսչական մարմնում ներդրվել է «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» ուղեցույցը։

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում գործունեություն իրականացնող տեսուչների մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով նախատեսված է տեսուչների վերապատրաստման գործընթաց՝ համաձայն ուղեցույցի։

Հիշեցնենք, որ հուշագրով ամրագրված է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ շարունակաբար կատարելագործել և բարձրացնել Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության ապահովմանը, այս կապակցությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։

Իրազեկում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես դեղերի շրջանառության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հորդորում է՝

  • դեղատոմսերի դուրսգրումը,
  • դեղատոմսային ձևաթղթերի նկարագիրը,
  • տպագրությունը,
  • բաշխումը,
  • պահպանումը և հաշվառումը

իրականացնել ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան և խստագույնս պահպանել սահմանված պահանջների պահպանումը։

Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի՝

  • արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը ՀՀ օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթերի վրա։

Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1080-Ն որոշման 8-րդ կետի պահանջների՝ դեղատոմսերը պետք է պարունակեն հետևյալ տվյալները.

  • բժշկական հաստատության անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ՝ բնակության) վայրը և հեռախոսահամարը,
  • պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը (ամբողջությամբ),
  • պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում՝ մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով,
  • թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները,
  • զեղչի չափը` ըստ անհրաժեշտության,
  • նույն դեղատոմսով, դեղատոմսում դուրս գրված նույն քանակով դեղի բացթողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության,
  • նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բացթողման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով),
  • դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը,
  • բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային հեռախոսահամարը,
  • բժշկի ստորագրությունը: