Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի նախնական շնորհանդես` ԱԱՏՄ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի (E-hlib) նախնական շնորհանդեսը։

E-hlib համակարգը ստեղծվում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագրի առաջին փուլի ընթացքում E-hlib համակարգում ստեղծվել են բազաները և ներդրվել ռիսկի հաշվարկման հաշվիչը։ Վերջինս Տեսչական մարմնին թույլ կտա իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել բարձր, միջին և ցածր ռիսկային տնտեսավարողների ցանկը, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։ Տնտեսավարողներն իրենց հերթին նույնպես կկարողանան ռիսկի հաշվիչի միջոցով որոշել սեփական ռիսկայնության աստիճանը։

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի ընթացքում կներդրվեն աշխատանքային տիպային պայմանագրերը, ստուգումների և վարչական վարույթների դարանները։
Առցանց հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականին։ Այն հասանելի կլինի Տեսչական մարմնի կայքում։

Նախորդ շաբաթ իրականացվել է 1333 ստուգայց, բացահայտվել՝ 36 խախտում․ ԱԱՏՄ

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-22-ը, իրականացրել են ընդհանուր 1333 ստուգայց, արձանագրել՝ 36 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1007 ստուգայց, 28 խախտում, 1 նախազգուշացում, 6 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝ 78 ստուգայց, 2 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 79 ստուգաց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 1 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 66 ստուգայց, 1 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 103 ստուգայց, 4 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 4 տուգանք։

Նշենք, որ 2022 թ-ին՝ հունվարի 22-ի դրությամբ, Տեսչական մարմինն իրականացրել է ընդհանուր 3524 ստուգայց, արձանագրել 92 խախտում, նշանակել 5 նախազգուշացում և 68 տուգանք։

 

 

ԱԱՏՄ չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը․ Քննարկում՝ Տեսչական մարմնի կառավարման խորհրդում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացվել՝

1․ ԱԱՏՄ 2021 թվականի տարեկան հաշվետվությունը,

2․ Որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունները,

3․ ԱԱՏՄ 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է 2021 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ չնայած նախորդ տարվա գերծանրաբեռնվածությանը, ԱԱՏՄ-ն հաջողությամբ կատարել է թե՛ հաստատված տարեկան ստուգումների և գործունեության հաստատված միջոցառումները, և թե՛ ահռելի մեծ քանակի չպլանավորված միջոցառումները։

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանի խոսքով՝ Տեսչական մարմնի չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը։ Թ․ Հակոբյանը ներկայցրել է Որակի ապահովման վարչության հաշվետվությունները և Տեսչական մարմնի 2021 թ-ի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։

Որոշվել է նախագծի խմբագրված տարբերակը (հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները) երկօրյա ժամկետում ներկայացնել Խորհրդին՝ էլեկտրոնային քվեարկության։