Իրազեկման սեմինար՝ մայիսի 1-ին ընդառաջ

Աշխատանքի միջազգային օրվան՝ մայիսի 1-ին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման սեմինարների շարք է նախաձեռնել՝ աշխատողների իրազեկվածության բարձրացման նպատակով։

Միջոցառումը մեկնարկել է Տեսչական մարմնի Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոններից, մասնավորապես, Արտաշատ և Աբովյան քաղաքներից։

Շուրջ 120 փոքր, միջին և խոշոր կազմակերպություննների 200-ից ավելի աշխատողներ այսօր մասնակցել են սեմինարին։

Մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, օրենքով վերապահված լիազորությունները, աշխատանքային իրավունքի բնագավառի իրավական ակտերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։

 

  

 

Քննարկում՝ «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով աշխատանքային քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպել է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը՝ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի շրջանակում։

Քննարկվել են առկա խնդիրները, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Բարեփոխումներին ուղղված աշխատանքները շարունակական դարձնելու վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

 

 

Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավար կազմը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։

Ոլորտի պատասխանատուները ներկայացնելով շինարարական հրապարակներում իրականացված ստուգումների արդյունքները՝ զեկուցել են, որ Երևան քաղաքի 88 հասցեներում գտնվող բարձր ռիսկային շինարարական հրապարակներում իրականացված վերահսկողության արդյունքում հարուցվել է 46 վարչական վարույթ։ Խախտում կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր:

Որոշվել է շարունակել այս ուղղությամբ խստացված վերահսկողությունը՝ արձանագրված դրական դինամիկան պահպանելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Արձանագրվել է, որ էապես ավելացել է քաղաքացների իրազեկվածությունը, իսկ տնտեսավարողները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել աշխատողների իրավունքների պահպանման հարցերին։

Անդրադարձ է կատարվել նաև բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային և դեղերի շրջանառության վերահսկողության բնագավառի հարցերին: Որոշում է կայացվել նախաձեռնել դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական փոփոխություններ։

Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։