Օրենսդրական փոփոխություններ՝ ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

Մարտի 6-ից ուժի մեջ է մտնելու ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները և հարակից օրենսդրական փոփոխությունները։

Դեղերի շրջանառության վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է հսկիչ գնում իրականացնելու լիազորություն։

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է նաև դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև դեղատնային գործունեության լիցենզիաների կասեցման կամ դադարեցման նոր հիմքեր։

Մասնավորապես դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` ենթակա են կասեցման երկամսյա ժամկետով։ Կասեցման ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են: Լիցենզիաները դադարեցնելու լիազորությունը վերապահվել է լիցենզավորող մարմնին։

Միաժամանակ փոփոխություն է կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես՝ ՀՀ չգրանցված (բացառությամբ ՀՀ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու կամ արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու համար սահմանվել է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

Սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է սեմինար-իրազեկում՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Սեմինար-իրազեկմանը մասնակցել են 17 բժշկական կազմակերպությունների 22 ներկայացուցիչներ։

Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Նաիրա Մերվազյանը և նույն բաժնի ավագ տեսուչ Լիլիթ Ղազարյանը։

Սեմինարին ներկա է եղել Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Մասնակիցներին ներկայացվել են 2023 թվականին բժշկական կազմակերպություններում ստուգումների ընթացքում կիրառվող իրավական ակտերը, բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության որոշումներն ու առողջապահության նախարարի հրամանները, ծխախոտի և փոխարինիչների նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, ինչպես նաև ծանոթացրել են ՇՄԶ հավաստագրման գործընթացում Տեսչական մարմնի գործառույթներին։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

  
 

Աշխատանքային քննարկում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ Տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում։

Քննարկման թեման էր՝ ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների՝ Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները և դրանց արդյունավետ կազմակերպումը։

Սլավիկ Սարգսյանի կողմից տրվել են աշխատանքային համապատասխան ցուցումներ, քննարկվել են հանրային սննդի օբյեկտներում առաջիկայում նախատեսված վերահսկողական միջոցառումների կազմակերպման ընթացակարգային այլ հարցեր։

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը, տարածքային կենտրոնների պետեր և Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժինների պետեր։