Իրազեկման սեմինար՝ Սիսիան քաղաքում

2026 թվականի մարտի 3-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի տեսուչների կողմից անցկացվել է իրազեկման սեմինար Սիսիան քաղաքում։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել է «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի 25 աշխատակից։

Սեմինարի ընթացքում քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2․1․2․001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները, ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N142-Ն հրամանով հաստատված «Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N51-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հելմինթոզների համաճարակաբանական հսկողություն» N3․1․1-032-2017 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը։

Սեմինարի ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել Տեսչական մարմնի մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնց տրվել են սպառիչ և բովանդակալից պատասխաններ։

 

Իրազեկող այցեր՝ Գորիսի դեղատներ


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատողներն իրազեկող այցեր են կատարել Գորիս քաղաքում գործող դեղատներ։

Տարածքային կենտրոնի տեսուչները խորհրդատվական աշխատանք են կատարել էլեկտրոնային եղանակով բաց թողնվող դեղերի վերաբերյալ։ Քննարկվել է օրենսդրությամբ սահմանված պահանջները չպահպանելու համար կիրառվող վարչական պատասխանատվությունը՝ տույժերը, ինչպես նաև դեղերի ոլորտին վերաբերելի այլ հարցեր։

Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև 5 դեղատների աշխատակիցների՝ գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ հարցերին։

Նախադպրոցական հաստատությունների գործունեությունը  Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2026 թվականի փետրվարի 20-ին, 24-ին և 27-ին անցկացվել է իրազեկման սեմինար նախադպրոցական հաստատությունների շուրջ 5 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։

Սեմինարը կազմակերպելու առաջարկով Տեսչական մարմնին էր դիմել Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիան։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։

Ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի խորհրդի նախագահ Նելլի Խաչատրյանին՝ նախաձեռնության և շարունակական համագործակցության համար։ Նա միաժամանակ նշել է, որ կանխարգելումը Տեսչական մարմնի առաջնային գործառույթն է, որն իրացնելով՝ ամրապնդվում է նաև հետադարձ կապը տնտեսավարող սուբյեկտների հետ։

Թագուհի Հակոբյանն առանձնահատուկ անդրադարձել է վերահսկողության շրջանակներում հաճախ հանդիպող կարևոր խնդրին՝ նախադպրոցական կազմակերպությունների բուժկետերի լիցենզավորման պահանջի խախտմանը,  ներկայացրել է համապատասխան օրենսդրական պահանջները։

Եռօրյա սեմինարը վարել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության գլխավոր մասնագետները, ինչպես նաև՝ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Ալվարդ Արշակյանը ներկայացրել է թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և հասանելիությունը թվային համակարգին, Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև՝ Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։

Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները ներկայացրել են Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված նորմերը, մասնավորապես՝ նախադպրոցական կազմակերպությունների սննդի կազմակերպման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հաստատություններին ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ օրենսդրական պահանջները։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հաճախ հանդիպած խնդիրներին։

Սեմինարը զուգորդվել է ակտիվ քննարկմամբ, բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։