Իրազեկման սեմինար՝ Արտաշատի նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի փետրվարի 27-ին իրազեկման սեմինար է անցկացվել Արտաշատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, վարչական անձնակազմի և բուժաշխատողների համար։

Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողականաշխատանքները։

Քննարկվել են աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծումը կարգը, վերջնահաշվարկի, արձակուրդի տրամադրման կարգը, արտաժամյա և գիշերային աշխատանքին վերաբերելի կարգավորումները։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ներկայացվել է նաև Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով սահմանված օրենսդրական պահանջների պահմանման անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարի շուրջ 5 տասնյակ մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել Տեսչական մարմնի աշխատողներին և ստացել պատասխաններ։

Իրազեկման սեմինար Բերքաբերի միջնակարգ դպրոցում և հանդիպում համայնքի բնակիչների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահմանամերձ համայնքներ կատարվող այցերի շրջանակներում այս անգամ եղել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում՝ իրազեկման միջոցառում իրականացնելով գյուղի միջնակարգ դպրոցում։

Միջոցառմանը մասնակցել է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ներկա են եղել տարածքային կենտրոնի աշխատակիցները։

Դիմելով դպրոցի անձնակազմին և աշակերտներին՝ Թագուհի Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սահմանամերձ համայնքների դպրոցները մեր ուշադրության կենտրոնում են։ Մեր գործառույթը ոչ միայն վերահսկողությունն է, այլև առաջին հերթին իրազեկումը և կանխարգելումը։ Առողջ և անվտանգ կրթական միջավայրը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով ապահովել այն»։

Ղեկավարի տեղակալը ինտերակտիվ շփում է ունեցել աշակերտների և անձնակազմի հետ՝ ներկայացնելով Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում իրականացվող գործառույթները,  վերահսկվող ոլորտների առանցքային խնդիրները և պատասխանելով բազմաբնույթ հարցերին։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը դպրոցականներին ներկայացրել է.

  • սանիտարական կանոնները հանրակրթական հաստատություններում,
  • կրթական գործընթացի ռեժիմի կազմակերպումը,
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելումը։

Դպրոցի տնօրեն Անի Արզումանյանը ողջունելով նախաձեռնությունը ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են գիտելիքների բարձրացմանը և պատասխանատվության ձևավորմանը՝ հանուն աշակերտների և անձնակազմի առողջության։

Այնուհետև Թագուհի Հակոբյանը հանդիպել է Բերքաբեր գյուղի բնակիչների հետ՝ հետաքրքրվելով վերջիններիս խնդիրներով։

Բնակիչները ջերմությամբ են արձագանքել Տեսչական մարմնի կողմից սահմանամերձ համայնքի բնակիչների խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու  նախաձեռնությանը՝ կիսվելով իրենց հուզող հարցերով, որոնց վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կողմից տրամադրվել է խորհրդատվություն։

7921 զանգ 2025 թվականին․ ԱԱՏՄ թեժ գիծ

Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2025 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7921 զանգ և 176 Ֆեյսբուքյան հարցում:

«Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝

  • Տեղեկատվություն՝ 2986 (37,7%),
  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 2884 (36,4%),
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1467 (18,5%),
  • Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողություն՝ 317 (4%),
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 180 (2,3%),
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 87 (1,1 %)։