Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

2026 թվականի մարտի 6-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/1232-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7741B04 սերիայով դեղի օգտագործումից:

Իրազեկման միջոցառում՝ Վեդի համայնքում

2026 թվականի մարտի 3-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է իրազեկման սեմինար Վեդի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և բժշկական ամբուլատորիաների տնօրենների, վարչական անձնակազմի և բուժաշխատողների համար։

Իրազեկման միջոցառման ընթացքում սեմինարի շուրջ 41 մասնակիցներին ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորությունները և դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական գործառույթները։

Քննարկվել են աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝

  • աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և բովանդակությունը,
  • աշխատանքային պայմանագրերի լուծման և վերջնահաշվարկի վճարման կարգը,
  • արձակուրդների տրամադրման և վճարման կարգը,
  • արտաժամյա և գիշերային աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկայացվել են նաև ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով սահմանված պահանջների պահպանման հարցերը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող միջոցառումները։

Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգին, դեղատոմսերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման ընթացակարգերին։

Միջոցառումն ավարտվել է ակտիվ քննարկմամբ և հարցուպատասխանով։

Այց սահմանամերձ Սոթք համայնք

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանի սահմանամերձ համայնքներ իրականացվող հերթական այցը Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում էր։

Այցին մասնակցում էին նաև Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Ղեկավարի տեղակալն այցը մեկնարկել է Սոթքի միջնակարգ դպրոցում իրազեկման միջոցառման անցկացմամբ։ Նա դպրոցի անձնակազմին և աշակերտներին ծանոթացրել է Տեսչական մարմնի գործունեության ուղղություններին, վերահսկողության ոլորտներին և դրանցից յուրաքանչյուրում օրենսդրության  հիմնական պահանջներին, որոնց խախտումներին կարող են առնչվել ուսուցիչներն ու աշակերտները։

Աննա Հարությունյանը ներկայացրել է հանրակրթական հաստատություններում գործող սանիտարական նորմերը, մասնավորապես․

  • դասասենյակների հիգիենիկ պայմանները,
  • դասացուցակների կազմումը,
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելումը։

Նա միաժամանակ ներկայացրել է օրենսդրության առանձին պահանջները պահպանելու գործնական օրինակներ։

Դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորել է սահմանամերձ համայնքներ իրականացվող այցերը և դպրոցներում առողջ ու անվտանգ կրթական միջավայրի ամրապնդմանը միտված իրազեկման միջոցառումները։

Իրազեկումն անցկացվել է ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ուղեկցվել է ակտիվ հարցուպատասխանով։

Իրազեկման միջոցառումից հետո Թագուհի Հակոբյանին է վստահվել օրինակելի վարքի և աշխատասիրության համար աչքի ընկած աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը։

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը  հանդիպել է Սոթք համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, զրուցել Տեսչական մարմնի լիազորություններին առնչվող խնդիրների հնարավոր առկայության մասին, տվել է պարզաբանումներ և խորհրդատվություն։

Ուրախացնող է սահմանամերձ համայնքների բնակիչների ջերմ արձագանքը՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող համայնքային այցերին և բնակիչներին մտահոգող խնդիրներին հատկացված ուշադրությանը։