Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։

Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։

Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։

Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։

Որոշ ուղղություններով դեպի ՀՀ չվերթերի վերականգնումն այս աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտություն էր առաջացրել, ինչը նկատի առնելով եւ հրատապ ձեռնարկվել է թիմի համալրումը։

«Զվարթնոցում» քաղաքացիները ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից սպասարկվում են անվտանգության նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունն ու քաղաքակիրթ մոտեցումը։

Նոր գործառույթին զուգահեռ՝ ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» ՍԲՀԿ-ն (ինչպես եւ սահմանային անցման մյուս բոլոր հսկիչ կետերը), շարունակում է իր աշխատանքներն ուժեղացված ռեժիմով․ երկիր մուտք գործող ամեն ոք ջերմաչափվում է, անցնում արտաքին զննում, ստանում ինքնամեկուսացման ծանուցագիր, լրացվում են հասցեական քարտեր։

 

 

 

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պետք է դառնա օրինաչափություն

Համաճարակի դեմ պայքարը պահանջում է սահմանված նորմերի անխտիր պահպանում բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանից է կախված նաև հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը։ ԱԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակներում հետևողական աշխատանքներ է իրականացնում սահմանված կանոնների պահպանման նկատմամբ։ Այսօրվա աշխատանքների արդյունքում 24 ժամով կասեցվել է սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առաջին ալիքի անդրադարձը ԱԱՏՄ աշխատանքներին։