ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ:

ԱԱՏՄ աշխատակիցներն գրանցեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և/կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է:

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. ախտահանման գործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետի թիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ:

Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողությունն ամենօրյա են:

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ։

 

Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ Արևմտյան տարածքային ստորաբաժանման թիմի «խոշորացույցը» Աբովյանում ուժեղացված ստուգայցի ընթացքում` ոչ աշխատանքային օրով

Սպիրտի ոչ բավարար քանակություն. թեև խանութի աշխատակիցը վստահեցնում էր, որ դեղատունը հարևանությամբ է, քիչ- քիչ են գնում, որ չցնդի, բայց դա չփրկեց տնտեսվարողին եւ արձանագրության մեջ փաստը նշվեց որպես թերություն: Մյուս պահանջները` դիմակ, ձեռնոց, իրազեկման պաստառներ, փակ աղբամաններ Աբովյանի հագուստի խանութում տեղում էին:

Թոշակառուների համար նախատեսված առեւտրի ժամը չէին նշել հարևանությամբ գտնվող էլեկտրատեխնիկայի խանութում: Ջերմաչափման մատյանից մինչև ձեռքերը լվանալու համար նախատեսված պայմանները տեսուչները ստուգել ու իրազեկել են աբովյանցի տնտեսվարողներին:

Մանրամասները` Առաջին ալիքի պատրաստած տեսանյութում: