Ախտաբանաանատոմիական բաժանմունքներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։

Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։

Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և 2008թ․ մարտի 04-ի N03-Ն հրամաններով հաստատված սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը։

Վերջիններս կարգավորում են ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին ներկայացվող, ինչպես նաև բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները։

Ստուգվել են Արմավիրի մարզի «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲԸ-ի, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի,«Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքները։

Նշված բոլոր բաժանմունքներում արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի վերը նշված հրամաններով հաստատված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի ավելի քան երկու տասնյակ կետերի պահանջների խախտումներ:

Արձանագրված հիմնական խախտումներն են․

  • Ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չեն ապահովվում սենքերի՝ սենյակների, բաժինների նվազագույն կազմը, մակերեսներն ապահովված չեն եղել դիակների պահման, դիակի հանդերձավորման, ֆիքսացիոն, թաց աուտոպսիոն և բիոպսիոն նյութի արխիվի, հանդերձարանի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնի պահման սենքերով,
  • Ապահովված չեն եղել սայլակների (հիվանդանոցի հիվանդասենյակային մասնաշենքերից) մոտեցման հարմար ուղիներով,
  • Ապահովված չեն եղել էներգիայի սնուցման լրացուցիչ աղբյուրով,
  • Դիահերձարանն ապահովված չի եղել օդի ուլտրամանուշակագույն մանրէասպան սարքով,
  • Չկոյուղացված տարածքներում ախտաբանաանատոմիական բաժանմունքն ապահոված չի եղել կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, տեղային մաքրման կայանով,
  • Դիահերձարանն ապահովված չի եղել օդի ուլտրամանուշակագույն մանրէասպան սարքով,
  • Առկա չեն եղել վարակիչ հիվանդություններից մահացածների կամ այդ հիվանդություններից մահացության կասկածի դեպքում դիակների պահման համար նախատեսված անջրաթափանց, ամբողջական և ամուր պարկերը,
  • Ախտաբանաանատոմիական բաժանմունքի սենքերում բացակայել
  • են մշտական հոսող սառը և տաք ջրով ապահովված լվացարանները,
  • Աշխատող անձնակազմի ձեռքերի լվացման համար տեղակայված չեն լվացարաններ` նախատեսված գույքը և գործիքները լվանալու համար,
  • Սեկցիոն (դիահերձման) սեղանները միացված չեն եղել սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Առկա չի եղել շարժական ցնցուղ` միացված սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Սենքի հատակի հատականցքը ապահոված չէր ցանցորսիչով,
  • Սենքերն ապահովված չեն եղել որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական, պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով,
  • · Սենքերի պատերի, առաստաղի, հատակի մակերեսների ամբողջականությունը չեն ապահովել լիարժեք խոնավ մաքրումն ու ախտահանումը,

  • Սենքերն ապահովված չեն եղել մեխանիկական դրդմամբ արտաձիգ օդափոխանականությամբ,
  • Բացակայել են հերձման համար նախատեսած հատուկ արտահագուստը, հաստ մոմլաթե գոգնոցը, կրկնակոշիկները, հաստ երկարաթև ձեռնոցները, ռեսպիրատորը, դիմակը, աչքերի պաշտպանական ակնոցը,
  • Բժշկական թափոնների գործածությունը կարգավորելու և դրա հետ կապված մարդու առողջության անվտանգության պահանջները ապահովելու նպատակով կազմակերպության տնօրենը չի ընդունել բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ,
  • Որոշ դեպքերում չի կարգավորվել և չի իրականացվել ախտաբանաանատոմիական թափոնների գործածության, նաև ընդհանուր բժշկական թափոնների գործածության և ներառյալ դրանց ըստ տեսակի առանձնացման, տարողությունների և բեռնարկղերի մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և ընդունման, վնասազերծման և վարակազերծման բոլոր փուլերի իրականացումը նկարագրող ընթացակարգերը, դրանց կատարման ժամանակացույցը, վնասազերծման արդյունքում ստացված թափոնի հեռացման, թաղման և կամ հետագա օգտագործման կարգը, բժշկական թափոնների հետ կապված անկանխատեսելի դեպքերի և վնասազերծման գործընթացում հնարավոր արտակարգ պատահարների դեպքում ձեռնարկվելիք միջոցառումները և դրանց իրականացման ընթացակարգերը, բժշկական թափոնների գործածության համար պատասխանատու աշխատողների աշխատանքային պարտականությունները և թափոնների գործածությանն առնչվող այլ հարցեր (դիակի օրգանները տոպրակով տալիս են հարազատներին),
  • Կազմակերպությունում բժշկական թափոնի վարման գրանցամատյանները չեն վարել,
  • Ժամանակավոր պահման հատուկ տարածքի պատերն ու առաստաղը չեն ունեցել անջրաթափանց ծածկույթ, տարածքն ապահովված չի եղել ջրի ծորակներով և ջրահեռացման գծով, մշտապես չի մաքրվել, պարբերաբար չի ախտահանվել՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև արտահոսքի յուրաքանչյուր դեպքում չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ միջատների և կրծողների շփումը բժշկական թափոնների հետ, պարբերաբար չեն իրականացվել միջատասպան (դեզինսեկցիա) և կրծողասպան (դեռատիզացիա) միջոցառումներ։

Արձանագրված խախտումների վերացման նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով տրվել են առաջադրանքներ։ Վարչական վարույթի ընթացքում խախտումների վերացման հիմքով կարճվել է «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Ստուգվել է «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲ և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲ ընկերություններին տրված կարգադրագրի կատարողականը, արդյունքում «Վաղարշապատ հիվանդանոց» ՊՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է արձանագրված խախտումների վերացման հիմքով, իսկ Վարդենիսի հիվանդանոցի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոց՝ վարչական տույժ՝ տրված առաջադրանքները մասնակի կատարելու հիմքով։ Նշված մյուս բուժհաստատությունների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում ստուգումները դեռ ընթացքի մեջ են։

Տեսչական մարմնի կողմից այս ստուգումները կրում են պարբերական բնույթ։

Կասեցվել է «Ռանիտիդին» դեղերի գրանցումը ՀՀ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել են

— Սերբիայի «Հեմոֆարմ Ա.Դ., 26300, Վրշաց, Բեոգրադսկիի պուտ բբ` բաց թողնման հսկող, Հեմոֆարմ Ա.Դ. Վրշաց, արտադրական մասնաճյուղ Սաբաս, 15000, Սաբաս, փ. Հայդուկ Վելկովա բբ, Սերբիա` դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Հեմոֆարմ Ա.Դ., 26300, Վրշաց, Բեոգրադսկիի պուտ բբ (Սերբիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ռանիտիդին, ռանիտիդին (ռանիտիդինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում»,

— Ուկրաինայի «Դեղագործական Ընկերություն «Զդորովյե» ՍՊԸ, 61013, ք. Խարկով, Շևչենկո փ., 22» դեղագործական ընկերության արտադրության «Ռանիտիդին, ռանիտիդին, դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (10/1×10/) և (20/2×10/) բլիստերում» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Կասեցման համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության» դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությունը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:

Համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 17-րդ կետի՝ օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով նախատեսված կարգով դեղերի,դեղանյութերի,դեղաբուսական հումքի,հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը չդադարեցնելը կամ շրջանառությունից չհանելը (հետկանչ չիրականացնելը)՝առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար՝սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

Դեղերի այն մատակարարները,որոնց տրվել է հետկանչի կարգադրագրեր,պետք է առաջնորդվեն ՀՀ կառավարության «ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու եվ շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին 2019 թվականի փետրվարի 28-ի N 164-Ն որոշմամբ հաստատված(այսուհետ որոշում) պահանջներով, մասնավորապես որոշման 18-րդ և 22-րդ կետերով, համաձայն որոնց՝ տեսչական մարմնի կարգադրագրի հիման վրա հետկանչ իրականացնողը պետք է մշակի հետկանչի պլան և այն համաձայնեցնի տեսչական մարմնի հետ համապատասխանաբար առաջին և երկրորդ դասի թերությունների դեպքում՝ մինչև 24 ժամվա, իսկ երրորդ դասի դեպքում՝ առավելագույնը 7 օրվա ընթացքում:

Ինչպես նաև հետկանչ իրականացնողի կողմից կազմվում է հետկանչի պլան,որը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

  1. ) արտադրանքի արտադրության, վաճառքի, ինչպես նաև հետկանչի ծավալը,
  2. ) հետկանչի իրականացման քայլերը, շրջանակը, ժամանակահատվածը, սուբյեկտների ցանկը (գործունեության հասցեները), որոնց առաքվել է արտադրանքը` ներառելով առաքված քանակները և սերիաները,
  3. ) հետկանչի հիմքերը և թերությունների մասին ազդանշանի ստացման աղբյուրները,
  4. ) հետկանչից ակնկալվող արդյունքը,
  5. ) հետկանչից հետո արտադրանքի նկատմամբ իրականացվող միջոցառումները,
  6. ) կոնտակտային անձի անունը, նրա հետ հաղորդակցման տվյալներն ու միջոցները: