Իրազեկման սեմինար Վանաձոր քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Անուշ Ոսկանյանը 2026 թվականի մարտի 11-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձոր քաղաքում։

Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները, ինչպես նաև դրանում կատարված վերջին փոփոխությունները։

Սեմինարին մասնակցել է տնտեսավարող սուբյեկտների 12 ներկայացուցիչ։

Միջոցառումն ավարտվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։



Պարտադիր բժշկական զննության մասին

Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ փաստաթղթերի պահպանման օրենսդրական պահանջները․

➡️ Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

➡️ Տեղեկանքը պահպանվում է գործատուի մոտ։

* (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 89-րդ հոդված, 1-ին մասի 4-րդ կետ, 1.1-ին կետ)

➡️ Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:

➡️ Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված ձևաչափով:

➡️ Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների՝ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:

* (ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշում, Հավելված 1, 17-րդ կետ)

➡️ Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ փաստաթղթերը՝ որպես վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հիգիենիկ միջոցառումների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր, արխիվացման ենթակա են 5 տարի ժամկետով։

* (ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշում, Հավելված, 149-րդ կետ)

Տեսչական մարմինն իրազեկում է

  • Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է ունենան բուժկետ և մեկուսարան:
  • Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է.
  • ապահովվի գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ
  • շարժական միջնապատ՝ առանձնացնելով մեկուսարանը:
  • Բուժկետը պետք է ունենա.
  • դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարան,
  • ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղ,
  • պահարաններ,
  • բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ:
  • Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:
  • Հայտնաբերված հիվանդ երեխաները և աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին։
  • Հայտնաբերված վարակիչ հիվանդության դեպքերը գրանցվում են «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում։

*  ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 50-Ն հրաման։

*   ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի  28-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 12-Ն հրաման։