Իրազեկման սեմինար՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 13-ին իրազեկման սեմինար է անցկացվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար։

Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժինների աշխատողները ներկայացրել են բժշկական կազմակերպությունում էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերը։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ հիմք ընդունելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 16-ին ստացված թիվ 01/1422-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը՝ «Տոնուս-Լես» ՍՊ, «Ալֆա–Ֆարմ Իմպորտ» ՓԲ, «Նատալի Ֆարմ» ՍՊ, «Էսկուլապ-Իմպորտ» ՍՊ և «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մարտի 17-ին տրվել է «Ֆերետաբ քոմպ (երկաթի ֆումարատ, ֆոլաթթու), դեղապատիճներ կոշտ, 152,1մգ+0,5մգ (100/10×10/) բլիստերում» դեղի՝
F02490 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2026թ),
G08684 (պիտանելիության ժամկետ՝ 30.06.2026թ․),
G08683 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2026թ․),
G08033 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027թ․),
H10279 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027թ․),
H01931 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027թ․),
F02491 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027թ․) սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։

Գրանցման հավաստագրի իրավատեր՝ «Ացինո Ֆարմա ԱԳ» ընկերության տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ դեղի թվարկված սերիաների նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտնաբերված երկաթի քանակական պարունակության՝ սպեցիֆիկացիայի սահմաններին չհամապատասխանող արդյունքի պատճառով, ենթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է դեղի հետկանչի ենթակա թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից:

Իրազեկող այցեր՝ Կապանի դեղատներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատողները 2026 թվականի մարտի 11-ին իրազեկող այցեր են կատարել Կապան քաղաքում գործող դեղատներ։

Տարածքային կենտրոնի տեսուչները Կապան քաղաքի 3 դեղատների 8 աշխատակիցների համար խորհրդատվական աշխատանք են իրականացրել՝ էլեկտրոնային եղանակով բաց թողնվող դեղերի վերաբերյալ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև դեղատների աշխատակիցներին հետաքրքրող աշխատանքային հարցերին։