Աշխատանքային այց՝ «Արաբկիր» բժշկական համալիր

2025 թվականի ապրիլի 15-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը աշխատանքային այց են կատարել «Արաբկիր» բժշկական համալիր։

Բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի և բժշկական տնօրեն Նինա Արիկյանցի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարը շրջայց է կատարել բաժանմունքներով, հանդիպել բուժառուների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ:

Այցի վերջում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել են ոլորտային, ինչպես նաև Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող տարբեր հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է նմանատիպ այցերը՝ հետադարձ կապի ապահովման համատեքստում։


Դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է.

2023 թվականի մայիսի 24-ին ընդունվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը՝ ՀՕ-192-Ն, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 14-ին։

Համաձայն օրենքի՝

— Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:

— Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի և ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հետևյալ ժամկետներում.

* Երևան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

*Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում,

*Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 18 ամսվա ընթացքում,

*մարզերում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

*մարզերում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում,

*մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք 42 ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին։

-Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:

-Եթե նախատեսված դեպքերում և ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձինք նորից լիցենզավորման համար չեն դիմում, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:

Իրազեկման սեմինար՝ Աշտարակի խոշորացված համայնքի բուժաշխատողների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի ապրիլի 08-ին Աշտարակի խոշորացված համայնքի «Աշտարակի» ԲԿ-ի և խոշորացված համայնքի բժշկական ամբուլատորիաների 30 ներկայացուցիչների համար կազմակերպել և իրականացրել են իրազեկման սեմինար։

Սեմինարի ընթացքում ներկայացվել է բժշկական փաստաթղթերի վարման կարգը, աշխատանքային ռեժիմի, համատեղության աշխատանքի և ամենամյա հանգստի, դրա վճարման կարգը, տուբերկուլիոզի կանխարգելման հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև իմունիզացիոն գործընթացն ու վտանգավոր թափոնների գործածության վերաբերյալ տեղեկատվություն։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։