Իրազեկման սեմինար՝ ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ընկերությունում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 22-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձորի ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերությունում։

«Գործատուի և աշխատողների իրավունքները և պարտականությունները» թեմայով իրազեկման սեմինարն անցկացվել է պոլիկլինիկայի թվով 18 աշխատողների համար։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։



Իրազեկման սեմինար «Նաիրի» բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2025 թվականի ապրիլի 21-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի» բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող նեղ մասնագետների հետ։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 20-ից ավելի բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Տեսչական մարմնի ղեկավարը հյուրընկալել է Անդրեյ Սախարովի անվան 69 դպրոցի աշակերտներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի ապրիլի 18-ին Տեսչական մարմնում հյուրընկալել է Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանի ուղեկցությամբ։

Սլավիկ Սարգսյանը ողջունել է դպրոցականներին,  ծանոթացրել  Տեսչական մարմնի գործառույթներին, լիազորությունների շրջանակներին։

Աշակերտները Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Տեսչական մարմնի ղեկավարին։

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը աշակերտներին ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով   սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, անչափահասների աշխատանքային իրավունքներին վերաբերող կարգավորումները։

Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է ստացած գիտելիքների  կարևորությունը աշակերտների համար և՛ որպես ապագա գործատուներ, և՛ որպես աշխատողներ։