Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունք

Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ: Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդված)

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդված)

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրի լուծումը

Հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդները համարվում են նպատակային։ Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ` կազմակերպության լուծարման դեպքում: