Ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների հերթական խումբը ՀՀ ԱԱՏՄ-ում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը ուսումնական պրակտիկան անցկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։

Նոյեմբերի 1-ին ուսանողների հետ հանդիպեց Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ողջունելով ուսանողներին, Տեսչական մարմնի ղեկավարն ուսանողներին ծանոթացրեց մարմնի վերահսկողական գործառույթների առանձնահատկություններին և իրականացվող ծրագրերին։

Անմիջական զրույցի ընթացքում Հակոբ Ավագյանը հետաքրքրվեց հեռակա ծրագրով սովորող ուսանողների զբաղվածությանը և ընդգծեց Տեսչական մարմնում մասնագիտական պրակտիկ գիտելիքների ձեռքբերման և հմտությունների յուրացման կարևորությունը՝ բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար։

Ուսանողների համար պրակտիկան առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հաջորդ հանդիպումը անցկացնել Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետների հետ՝ շինարարական հրապարակում։

Պրակտիկայի ընթացքում սովորողները ուսումնասիրել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող ակտերն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։

Աշխատանքային հանդիպում Տեսչական մարմնում

ԱԺ գլխադասային հանձնաժողովների (աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով) հետ պարբերաբար աշխատանքային հանդիպումների շրջանակներում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) ղեկավարի հրավերով, այս անգամ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Տեսչական մարմնում։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, շրջայց կատարեցին Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոն, այնուհետև կենտրոնական ապարատ։

Քննարկվեցին Տեսչական մարմնի աշխատանքային պայմաններն ու ընթացիկ խնդիրները, ինչպես նաև ոլորտային օրենսդրական բացերը՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, պրակտիկ դաշտում։