Վերապատրաստման դասընթաց՝ տեսչական մարմնի տեսուչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավահարաբերությունները վերահսկող տեսուչները մարտի 9-12-ն Աղվերանում մասնակցում են վերապատրաստման դասընթացի՝ կարողությունների հզորացման նպատակով։

Այն նախաձեռնել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ այս դասընթացը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ վերապատրաստումն ինքնազարգացման ու ինքնակրթման լավ միջոց է, որն ուղիղ ազդում է աշխատողների հետագա կարիերայի աճի վրա։

Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության և Տարածքային կենտրոնների շուրջ 40 տեսուչներ կծանոթանան աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավահարաբերությունների, աշխատանքի անվտանգության, քողարկված աշխատանքային հարաբերությունների, ռիսկերի գնահատման և այլ ոլորտներում միջազգային փորձին, նորարարական գործիքներին։

 

1057 ստուգայց՝ մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1057 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են  6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել  են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 11-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 4 որոշում։
Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 80 %-ն իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումները հիմնականում վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան՝ տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան։

Փետրվարի 21-ից մարտի 11-ն ուսանողներն ուսումնասիրելու են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։

Ուսումնական պրակտիկայի ավարտին ուսանողներին կտրամադրվեն գնահատման թերթիկներ։

Ուսումնական պրակտիկան անցկացվում է 2020 թ․-ին Տեսչական մարմնի և Ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։