2179 ստուգայց, 66 խախտում. ԱԱՏՄ-ն ամփոփել է փետրվարի 1-13-ի ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 66 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։

Նշենք, որ ստուգայցերի մեծ մասը՝ 68%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում, ապա դեղատներում` 7․6%, գրասենյակներում` 7%, և այլն։

Խախտումների մեծ մասը՝ 70%-ը, վերաբերել է չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով

ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։

Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»։

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն՝ Գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձ չվճարելու համար նախատեսված է պատասխանատվություն։

Վերահսկողություն կիրականացվի քրեակատարողական հաստատությունների բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիմնարկներում

Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, այս տարի առաջին անգամ ընդգրկվել են նաև քրեակատարողական հաստատություններում բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։ Այդ նպատակով Տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակվել է տվյալ ոլորտի ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։

Այսօր Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները իրականացրել են ստուգաթերթի պիլոտային փորձարկում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում։