4411 զանգ Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով. 2021թ

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։

Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։

Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝

  • Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Առողջապահության նախարարի 17-Ն հրամանում,
  • Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները,
  • Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը,
  • Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը,
  • Ի՞նչ տույժ է նախատեսված պատվաստում և/կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում,
  • Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանքը։

Զանգերի հաջորդ գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության ոլորտին՝

  • աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում վերջնահաշվարկի չվճարման դեպքերին,
  • աշխատանքային պայմանագրի վաղաժամ լուծման,
  • աշխատավարձի հաշվարկման, վերջնահաշվարկի չվճարման և/կամ ոչ լիարժեք հաշվարկման,
  • հղիության և հետծննդյան արձակուրդի իրավունքի խախտման,
  • երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կերակրողի աշխատանքային պայմանագրի լուծման, երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի նպաստի չվճարման դեպքերին,
  • հղիության նպաստի ոչ լիարժեք վճարման մասին,
  • կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպմամբ պայմանավորված հղիության արձակուրդում գտնվողի հաստիքի կրճատման, անաշխատունակության նպաստ ստանալու,
  • ամենամյա արձակուրդի իրավունքի խոչընդոտման վերաբերյալ։

    Վիճակագրությունն ըստ ոլորտների՝

— դեղերի շրջանառություն՝ 68,
— բժշկական օգնության և սպասարկման՝ 71,
— բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման՝ 1669, որից 1422՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված,
— աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ 1306,
— ՖԲ հարցում՝ 207,
— առաջարկ՝ 15,
— տեղեկատվություն՝ 613,
— Տեսչական մարմնի գործառույթից դուրս՝ 462:

Իրազեկման սեմինար` բժշկական կենտրոնի բուժանձնակազմի համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության բուժանձնակազմի խնդրանքով իրազեկման սեմինար է անցկացրել բժշկական կենտրոնում։

Սեմինարի առաջին հատվածում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկրորդ հատվածում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն առանձին դրույթների կիրարկման մասին։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին, տեղի է ունեցել քննարկում։

 

4404 ստուգայց` հունվար ամսվա ընթացքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։

Հիշեցում

Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ օրենսգրքի համաձայն։