2021 թ-ին նախորդ տարվա համեմատ ստացվել է 35%-ով ավելի դիմում-բողոք․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020 թ-ի 426-ի փոխարեն կամ մոտ 35%-ով ավելի։

Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ:

Ընդհանուր առմամբ, 2021 թ-ին Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 1462 վարչական վարույթ, այդ թվում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 1072 (ՀՀ իրավապահ մարմիններից, ՀՀ պետական այլ մարմիններից ստացված գրությունների, ահազանգերի և այլ հիմքերով), դիմումի հիման վրա՝ 390։ Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցվել է 238 վարչական վարույթ։

2021 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2020 թվականի համեմատությամբ աճել է 37,8%, իսկ 2019 թվականի համեմատությամբ՝ 14,3% նվազել։

Խախտումները վերացնելու համար տրվել է 453 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ, խախտման բացակայության հիմքով՝ 921 վարույթ կարճվել է, այդ թվում 117՝ դիմումից հրաժարվելու հիմքով։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 450 որոշում տույժ նշանակելու մասին։

Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել

Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ-ում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք պետք է կիրառվեն։

«Առողջ հասարակության հիմքն է հանդիսանում աշխատանքային իրավունքների հանդեպ հարգանքը, դա շարժիչ ուժն է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը դրական է գնահատել Աշխատանքային տեսչության ստեղծումը։ Նա տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում Աշխատանքային օրենսգրքում և նշել, որ այս հետազոտությունների արդյունքները կնպաստեն առաջիկա բարեփոխումներին։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։

«2021թ-ին չենք ունեցել բողոք, որին ընթացք չի տրվել։ Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանում ենք թե՛ մասնավոր հատվածից, թե՛ ՊԵԿ-ից, թե՛ ՄԻՊ-ից, թե՛ քաղաքացիների դիմումների տեսքով։

Տեսչությունն այսօր զրոյից վերականգնվում է, փորձում ենք հնարավորինս շատ թվային լուծումներ ներդնել, որպեսզի անձերի փոփոխությունը չազդի աշխատանքի վրա»,- նշել է Հ․ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատվածի գործակցության ուժեղացման կարևորությունը։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող 3 ծրագրերի կոնսորցումների անդամ կազմակերպությունների կողմից արված հետազոտությունները վերաբերում են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական գործերին, Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցությանը, ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձին, նաև կարիքների գնահատմանը։

  

Առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում ընդգրկվել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ

Այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։

Ինչպես նաև 2021 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում և ոլորտը կանոնակարգող մի շարք իրավական ակտերում։

Այսօր Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետներն իրականացրել են ստուգաթերթի պիլոտային փորձարկում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։

Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի բաժանմունքներում։