188 բողոք՝ աղմուկի վերաբերյալ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածը քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։ Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է։

Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։
Վարչական վարույթների կարճման հիմքերը՝

  • վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%),
  • իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%),
  • դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%),
  • դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%),
  • վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։

    Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային  արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել։

ԱԱՏՄ-Ն ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝

🔺 Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

❗️ Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։

❗️ Առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

❗️ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից։

‼️ Հիշեցում՝

✅ Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։

✅ Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին, այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

✅ Աշխատողները, այդ թվում՝ օտարերկրացի աշխատողներն, աշխատանքի անցնելիս պետք է ունենան աշխատանքային պայմանագիր, ինչի առկայությունը պատկան մարմիններին հնարավորություն կտա ապահովելու աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում աշխատողը կարող է դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ դիմում ուղարկելով info@hlib.am էլեկտրոնային հասցեին, կամ փոստային տարբերակով՝ Արմենակ Արմենակյան 129 հասցեով։

ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների պաշտպանության նոր համակարգ՝ EmployeeProtect.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից գործարկում է աշխատանքային իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am հարթակը։ Դրա հիմնական նպատակն է՝ ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգը:

«2021 թվականը մենք հայտարարում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի։ Բողոքների ընդունման էլեկտրոնային հարթակի գործարկմամբ՝ մենք նպատակ ունենք բարձրացնել Տեսչական մարմնի նկատմամբ վստահությունը, բողոքաբերների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանց համար ավելի հարմար լինի Տեսչական մարմին ներկայացնել աշխատանքային իրավունքին վերաբերող խնդիրները, և երրորդը, որն ինձ համար շատ կարևոր է, ունենալ ավելի հստակ վիճակագրություն՝ բողոքների տեսակների վերաբերյալ»,- նշում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

EmployeeProtect.am-ն աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված հարթակ է, որտեղ աշխատողները կարող են դիմում-հայտ ներկայացնել Տեսչական մարմնին։ Դիմումին կարելի է կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացույցներ։ Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատողներ, որոնք Հայաստանում աշխատանքային իրավունքի ոլորտում առնչվել են խնդիրների:

Նախատեսվում է, որ հետագայում կգործարկվի նաև հարթակի անանուն դիմումներ ներկայացնելու գործիքը, որով հնարավոր կլինի դիմումն ուղարկել անանուն, պաշտպանված IP հասցեից։

Հարթակը հասանելի է նաև mobile տարբերակով, ինչպես ներբեռնելու, այնպես էլ առցանց օգտագործելու միջոցով։

Հարթակի միջոցով Տեսչական մարմինը նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ աշխատողների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա հատկորոշում և իրականացնում է փաստարկված բարեփոխումներ, աշխատողներին իրազեկում է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտի վերջին նորությունների մասին:

https://employeeprotect.am/am/report

https://www.hlib.am/
EmployeeProtect.am hարթակը պատրաստվել է «COVID-19 և կայունություն Հայաստանում. մեղմացնելով սոցիալ — տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։