Տեսչական մարմնում կայացել է հարթական սեմինարը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական սեմինար-քննարկումը՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։

Սեմինարը վարել է ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները։

Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ սեմինարները լինելու են շարունակական։

Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հինգերորդ համագումարին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հինգերորդ համագումարին։

Տեսչական մարմնի ղեկավարը ողջունել է Համագումարի պատվիրակներին ու հյուրերին և կարևորել մեր երկրում գործարար շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների կայացումը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր ներդնել մեր երկրում նման ինստիտուտների կայացման և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը բարելավելու, որոշ դեպքերում՝ վերականգնելու հարցում։ Նրա կարծիքով՝ նման ինստիտուտների կայացումով հնարավոր կլինի հակակշիռ ապահվել պետական հատվածի նկատմամբ, մշտապես «ճնշման» տակ պահել քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին։

ԱԱՏՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանին։ «Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, պարոն Մակարյան, անձամբ Ձեզ, Ձեր ներդրած ավանդի համար ՀԳՀՄ-ի կայացման և զարգացման գործում։ Հաջողություն եմ մաղթում Համագումարին՝ հույսով, որ Համագումարով ընտրված նոր ղեկավար կազմը` անկախ անձերից, կշարունակի այն կուրսը, որ որդեգրվել է՝ շարունակել երկխոսությունը պետական հատվածի հետ, ակտիվ ազդեցություն ունենալ քաղաքականությունների մշակման աշխատանքներին»,- ասել է Հակոբ Ավագյանը։

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրել է Միության կատարած աշխատանքները՝ ըստ Միության գերակայությունների, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման, աշխատանքի անվտանգության և աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտներում: Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ որպես ՀՀ կառավարության պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպություն, ՀԳՀՄ-ն իր գործառույթներում ներառել է հիմնական սոցիալ-տնտեսական այն ուղղությունները, որոնք համահունչ են տարբեր գերատեսչությունների առաքելությանն ու նպատակներին:

Համագումարին մասնակցել են նաև տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Աշխատողների անվտանգության ապահովման վերահսկում՝ շինարարական հրապարակներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում։

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, սանիտարակենցաղային սենքերով ապահովվածության, աշխատանքային պայմանագրերի առկայության, աշխատողների անվտանգության հրահանգավորումների և այլ խնդիրներ։