Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցներում, բջջային կապի օպերատորների գրասենյակներում, դեղատներում, վարսավիրանոցներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում:

Դիտարկված որոշ հաստատություններում բացակայել են հեռավար ջերմաչափերը, իսկ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում եղել են թերացումներ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր:

ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումները ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։

 
  
 

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի ՍԲՀԿ-ում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այցով եղել  է  Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ։

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանն այցի ընթացքում տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։

Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։


 

ԱԱՏՄ. Փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի 17-Ն հրամանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։

Մասնավորապես, սահմանվել է․

Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝

-նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով,
-անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով,

-անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում՝

-դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,
-դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը,

-դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողների համար։

Մանրամասները՝ կից հղումով։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=149827