60 դիմում-բողոք՝ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր․ ինչպես է ԱԱՏՄ-ն ընթացք տալիս աշխատանքային իրավունքին առնչվող ահազանգերին

Հուլիս ամսից սկսած՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։

Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։

Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ:

Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում․ տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ։

Ուշագրավ է, որ դիմումատուների զգալի մասն աշխատանքային իրավունքին առնչվող իր բողոքը ներկայացնում է իր և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո։

ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը

ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։

Ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին:

Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաև մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար:

Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշներ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում

ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում:

Վերահսկողական աշխատանքների տիրույթում են եղել բուժհիմնարկները, ստոմատոլոգիական կաբինետները, դեղատները, բանկերի մասնաճյուղերն ու մեծ ու փոքր խանութները:

Ընդհանուր առմամբ, ստուգայցի ընթացքում համաճարակային իրավիճակը ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել:

ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում, եղել են նաև դիմակ չկրելու, ախտահանման աշխատանքները պատշաճ չկատարելու դեպքեր:

Տեսչականի մասնագետները իրազեկում, զգուշացնում և հորդորում են տնտեսվարողներին հետևողականորեն պահպանել անվտանգության նորմերը, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։