«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում

«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։

Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։

Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ԱԱՏՄ այս աշխատանքներին «Զվարթնոց» օդանավակայանում հետեւել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նրան ներկայացվել է գործընթացը, զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Տրվել է նոր գործառույթի ճշգրիտ եւ տեխնիկական խնդիրները բացառելով կազմակերպելու հանձնարարական։

Ստուգայցեր՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր կետերում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։

Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային նորմերը։

Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Նկատի առնելով օդանավակայանում տեղակայված լաբորատոր կետերի առաջիկա ծանրաբեռնվածությունը՝ մեծապես կարեւորվում է վերջինների կողմից covid-անվտանգության կանոնների խստագույնս պահպանումը, ինչի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։

Ստուգայցեր` Հրազդանում եւ Չարենցավանում. կան մտահոգիչ խախտումներ

ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը դիտարկվել է նշված քաղաքներում գործող գրասենյակներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, ատամնաբուժարաններում և սուպերմարկետներում:

ԱԱՏՄ տեսուչները շարունակում են արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ՝ դիմակների, ձեռքերի չորացման մեկանգամյա օգտագործման միջոցների, ախտահանիչների, իրազեկման նյութերի բացակայություն:

Հաճախ ախտահանիչներն օգտագործվում են առանց համապատասխան պիտակավորման:

ԱԱՏՄ մասնագետները սուպերմարկետներում արձանագրել են սայլակների ախտահանման թերացումներ։

Որոշ տնտեսավարողներ չեն ունեցել նաև բավարար քանակությամբ պահեստավորված պաշտպանիչ միջոցներ:

Անհանգստացնող է շարունակում մնալ այն, որ որոշ տնտեսավարողներ ախտահանման գործընթացում դեռ օգտագործում են 96 տոկոսանոց սպիրտ կամ այն նոսրացնում են ոչ ճիշտ չափաբաժնով ջրով, ինչի հետեւանքով հաճախ ստանում են ոչ պիտանի ախտահանիչ: Իսկ բարձր թնդության սպիրտը ոչ միայն չի ախտահանում, այլեւ ֆիքսում է վիրուսը։

Տեսչական մարմնի աշխատակիցները ևս մեկ անգամ իրազեկել և հորդորել են ախտահանման համար կիրառել 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ, խստորեն հետեւել սահմանված անվտանգության կանոններին, հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242:

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։