Ջրի անվտանգության հարցերը` ԱԱՏՄ օրակարգում. թեմայի շուրջ հերթական քննարկումներն անցկացվել են Արարատի եւ Արմավիրի մարզպետարաններում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանն Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, հաջորդիվ` Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է ջրի անվտանգության ապահովման նպատակով հարուցված վարչական վարույթների ընթացքը, խմելու ջրի նկատմամբ վերահսկողությանն առնչվող հարցեր ու անելիքներ։
Մարզպետարանների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱԱՏՄ-ին` վարչարարությունն իրականացնելիս։
Ընթացիկ աշխատանքային այցերով դիտարկվել է օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաղբյուրների վիճակը:

Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորում. ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորում. ԱԱՏՄ Ստուգայցերն ընդգրկել են, մասնավորապես, դեղատներ, գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, բանկեր և մանրամեծածախ առևտրի կետեր: ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Դիտարկված հիմնական խախտումներն են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ պատշաճ վարումը։ Սակայն մտահոգիչ է քաղաքացիների կողմից անվտանգության կանոնների չպահպանումը՝ անգամ երբեմն անտեսելով տնտեսավարողների հորդորը։ Տնտեսավարողների մոտ խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն: Տրվում է խախտումներն անհապաղ վերացնելու կարգադրություն։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ ՀՀ առողջապահության նախարար 17-ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման։ Ռազմական դրության շրջանում հատկապես կարեւոր է դրանց ճշգրիտ պահպանումը։

Քննարկում՝ Վայոց ձորի մարզպետարանում․ օրակարգում ջրի անվտանգության խնդիրն է․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր։ Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավար կազմերի, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Քննարկումը կարեւորվել է երկրում հայտարարված ռազմական դրության, մարզի բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքների համատեքստում:
Մարզի տարածքում խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով տարվող եւ անհրաժեշտ քայլերը ներկայացրել է տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը: Նա կարևորել է սպասարկվող և սպասարկում իրականացնող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունների առկայությունն ու անհրաժեշտությունը:
Մարգարյանը խոսել է համայնքների խմելու ջրի ջրաղբյուրների, ՕԿՋ-ների վրա շուրջօրյա ուժեղացված հերթապահության, անհապաղ ձեռնարկված ու անհրաժեշտ միջոցառումների մասին։ Շեշտվել է հանգամանքը, որ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի կողմից կլինեն ստուգայցեր՝ նաեւ համայնքներին աջակցելու և խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
Համայնքների ներկայացուցիչները կարեւորել են համայնքների խմելու ջրի ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների վերահսկողության առավել ուժեղացումը։
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն, ամփոփելով նիստը, կարևորել է մարզպետարանի, համայնքապետարանների և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների համատեղ ու թիմային աշխատանքը՝ մատակարարվող ջրի որակը և բնակչության առողջության պահպանումն ապահովելու նպատակով: