Բագրատաշենի ՍԲՀԿ-ի վերահսկողական աշխատանքն առավել ուժեղացվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։

Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ եւ վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։

Դրանք պատշաճ և օպերատիվ իրականացնելու նպատակով հսկիչ կետը համալրվել է լրացուցուցիչ ուժերով․ տեսչական մարմնի մյուս՝ Գոգավան-Պրիվոլնոյեի և Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները հերթափոխով միանում են Բագրատաշենի հսկիչ կետի թիմին։

Վերջինս իրականացնում է, մասնավորապես, նաև ՀՀ տարածք մուտք գործող բեռնատարների վարորդների և դրանց ուղևորների ստուգում՝ հարցման, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների արտաքին զննման, հեռահար ջերմաչափման միջոցով, ծանուցում է ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին՝ տրամադրելով ծանուցման թերթիկներ․ առանց վերջիններիս լրացման եւ ստորագրման որեւէ անձ երկիր մուտք գործել չի կարող։

ՀՀ ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետերում ՀՀ մուտք գործող անձանց տրամադրվում են նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

ՍԲՀԿ-ներն ուժեղացված վերահսկողական ռեժիմի անցել են դեռ հունվարի 24-ից։

Խախտումները նվազել են, սակայն կասեցումներ դեռ կան, վերջինների թվում է նաև «Եվրոբազա»-ն․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։

Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները կորոնավիրուսով վարակվածների որոշակի թվաքանակ ունեցող տնտեսավարողների մոտ։ Ըստ այդմ, այսօր ուժեղացված ստուգայց է անցկացվել Թալին քաղաքի ամբուլատոր կազմակերպություններից մեկում, որտեղ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։

Դիտարկումները փաստում են նաև, որ անվտանգության կանոնները շարունակում են հաճախակի խախտվել գեղեցկության սրահներում ու վարսավիրանոցներում։ Դրանց հիմքով կրկին գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Այս տնտեսավարողների մոտ կանոնների խախտումներն առավել ռիսկային են այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը գտնվում են միմյանց շատ մոտիկ։

Տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է՝ հարկ է խստագույնս հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է:

Բացառել որեւէ ռիսկ՝ տարեկան ստուգումների գործընթացում․ ստուգումներին առնչվող հանձնարարականներ են տրվել

Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։ Դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։

Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։

Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով հաստատված կարգին, ստուգումներն անցկացնել օրենքով ԱԱՏՄ-ին տրված լիազորությունների սահմանում»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը։

Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը հետաձգվել էր։ Սակայն ներկայում խնդիր է դրված տարեկան ծրագիրն իրականացնել պատշաճ եւ ժամանակին։

Այսօրվա աշխատանքային քնննարկման ժամանակ ամփոփվել են նաեւ համավարակի տարածումը կանխելու նպատակով Հյուսիսային տարածքային կենտրոնի իրականացրած լայնածավալ ստուգայցերի արդյունքները։ Այս ստուգայցերը, որպես այդպիսին, լուրջ փորձառություն էին ստուգում իրականացնող մասնագիտական խմբերի համար՝ նկատել է Ամիրյանը։