3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում․ ուշագրավ է գեղեցկության սրահների մեծ թիվը


Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։

Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսավարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։

Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում․ դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։

Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև՝ բացակայություն, չի պահպանվել փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։

Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով մշտադիտարկվել է Արարատի մարզի «Արտաշատի ստոմատոլոգ» ՓԲԸ-ն՝ քաղաքային ամենախոշոր ատամնաբուժական պոլիկլինիկան, որտեղ արձանագրվել են համաճարակային ռեժիմից շեղումներ։ Դիտարկվել է նաև Փոքր Վեդու համայնքապետարանը․ նկատված որոշ խախտումների մասով տրվել է դրանք անմիջապես վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, սակայն չեն բացառվել։ Արձանագրվող խախտումները ներկայացվում են պարետատուն։ Դրանց համակցված առկայության դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

ՀՀ ԱԱՏՄ տեղաբաշխվածությունը՝ ըստ տարածքային ստորաբաժանումների

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեղաբաշխվածությունը ՀՀ տարածքում՝ ըստ տարածքային ստորաբաժանումների։

Նոր կանոնադրությամբ՝ ԱԱՏՄ տարածքային կենտրոնները փոխատեղվել են։

Միաժամանակ՝ մարզերում ստեղծվել են և ստեղծման ընթացքում են տեսչական մարմնի մի շարք նոր բաժիններ՝ ապահովելու ԱԱՏՄ հասանելիությունը մարզային բնակավայրերում եւ աշխատանքի օպերատիվությունը։

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։

Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։

* Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,

* Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,

* Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ,

*Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,

* Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,

* Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,

* Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։

* Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,

* Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։ Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույն պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Այլ մանրամասներ՝ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Հունանյանի փոխանցմամբ՝ Հ1-ի «Առաջին օգնություն» հաղորդման շրջանակներում։