Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է


Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։ Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։

Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847։

Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու․Ասոյան

Այսուհետ հակահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն. խորհրդարանում այսօր այս մասին ասել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ արդյոք կարանտինի շրջանում սանիտահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված իրավական նոր կարգավորումները կամայականության հնարավոր դրսևորումներ չեն առաջացնի։

📌Կարանտինի ժամանակ տեսչական մարմինները կշարունակեն կասեցումները, թե՞ ոչ

📌Վարչական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված համավարակը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների խախտման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատությունները

Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված մի շարք ահազանգեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։

Կուտակումներ արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում։ Այս հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։

Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը։ Միաժամանակ հորդորում ենք խստագույնս պահպանել նմուշառման կարգը, թեստավորումն իրականացնել նախապես հերթագրման և հերթերի կառավարման միջոցով, որպեսզի ծանրաբեռնված այս աշխատանքը սահուն և առանց խնդիրների անցկացվի։