Պարզաբանում


Որոշ լրատվամիջոցների շրջանառած «պահուստային ֆոնդի փոշիացումների» չճշգրտված ձեւակերպումներին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շեշտում է, որ ԱԱՏՄ կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով հատկացված գումարը տրամադրվել է նույն տեսչական մարմնի խնայողությունների հաշվին, որոնք ուղղվել էին կառավարության պահուստային ֆոնդ։

Հատկացված 37,9 մլն դրամի հաշվին նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին ձեռք է բերվել տեսչական մարմնին խիստ անհրաժեշտ գույք եւ տեխնիկա՝ ապահովելով բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ․ ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր, մի քանի աշխատող միաժամանակ աշխատում էր մեկ հնամաշ համակարգչով։

Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ին մեքենաների տրամադրմանը, ապա մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է՝ այդ մեքենաները տեսչական մարմնին նվիրաբերվել են Եվրասիական տնտեսական միության կողմից՝ երկկողմ գործակցության շրջանակներում․ դրանց համար բյուջեից առհասարակ գումար չի տրամադրվել։ Ընդ որում՝ այդ մեքենաների տրամադրումը համավարակով պայմանավորված չէ։ Դա հիմնավորվում է ԱԱՏՄ գործունեության օպերատիվության ապահովման խիստ անհրաժեշտությամբ։

Ուժեղացված ստուգայց Երևանում. ԱԱՏՄ

Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։

Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։

«Լուրերի» անդրադարձը։

Կրկնայցեր՝ «Գլորիա»-ում և մարզային ամբուլատորիաներում․ խախտումները նվազել են, սակայն չեն բացառվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության տարածքում շարունակել է պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքը։ Նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը հետամուտ լինելով՝ ԱԱՏՄ-ն այսօր կրկնայց է կատարել ավելի վաղ կասեցված Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ ԱԱՏՄ մասնագետներն արտադրամասում արձանագրել են առավել բարվոք պատկեր։ Նախկին ստուգայցից հետո արտադրամասում ավելացել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող աղբամանների թիվը, սակայն դեռևս չի ապահովվել անհրաժեշտ բավարար քանակ։ Բացի այդ՝ որոշ աշխատակիցներ եղել են առանց դիմավահանի։ Տեսչականի մասնագետները կազմել են արձանագրություններ պարետատուն ներկայացնելու համար։

ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում են նաև բժշկական կազմակերպություները։ Դրանց թվում այսօր դիտարկվել են Արմավիրի մարզի գյուղական ամբուլատորիաները։ Տեսչական մարմնի մասնագետների պարբերական մշտադիտարկումների և իրազեկման ու խորհրդատվության աշխատանքների շնորհիվ այստեղ հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրվել։

Անվտանգության կանոնների խախտումների հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները դիտարկել են նաև մայրաքաղաքի, Մասիս, Կապան, Սիսիան քաղաքների դեղատները, մանրամեծածախ առևտրի կետերն ու գեղեցկության սրահները։

Խստացված ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվել են նաև կասեցման աշխատանքները, մասնավորապես, Սյունիքի մարզում կասեցվել է 4 տնտեսավարողի՝ մեկ գեղեցկության սրահի և մանրածախ առևտրի 3 կետի գործունեություն։

Ամփոփելով նախորդ՝ կիրակի օրը ողջ մայրաքաղաքում համաժամանակյա ստուգայցի արդյունքները, ԱԱՏՄ-ն դիտարկված շուրջ 340 տնտեսավարողից պարետին կասեցման միջնորդություն է ուղարկել ընդամենը 18-ի մասով։ ԱԱՏՄ կիրակնօրյա ստուգայցը բացառիկ էր այն առումով, որ եթե նախորդիվ ուժեղացված ստուգայցերն անցկացվում էին առանձին վարչական շրջաններում, ապա այս անգամ այն ողջ Երեւանով մեկ էր՝ միաժամանակ։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման։