Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահներում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ:

Մասնավորապես՝

* Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:
* Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին:
* Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։
* Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
* Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
* Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
* Յուրաքանչյուր այցելուից հետո ախտահանել օգտագործված գործիքները՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:
* Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր։

Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:

ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։

Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։

Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։

Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։

Աշխատանքի մեկնարկը տրվել է վաղ առավոտյան հավաքով։ Ամիրյանը շեշտել է, որ արձանագրվող խախտումների և ըստ այդմ՝ կասեցումների կտրուկ նվազմամբ հանդերձ էլ ԱԱՏՄ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ․ այն բացառություններ չի ճանաչում ոչ ոլորտների, ոչ էլ տնտեսավարողների առումով։

Գրիգորյանն անդրադարձել է ստուգումների ամփոփ պատկերին՝ նկատելով, որ արտակարգ դրության սկզբում տնտեսավարողների մեծ մասն անտեղյակ էր համավարակի կանխման նորմերին, ու դրանց խախտման հիմքով պարետի որոշմամբ կասեցվում էր ստուգվածների մոտ 50-60 տոկոսը։ Մինչդեռ ներկայում կասեցվում է դիտարկվածի 7-8 տոկոսն ընդամենը։ Խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով։ Գրիգորյանը սա բնորոշում է որպես նախ լայն իրազեկման, ապա խիստ վարչարարության արդյունք։

Արձանագրվող խախտումների մեջ գերակշռում են ախտահանման եւ ջերմաչափման խնդիրները, դրանց գրանցամատյանների պատշաճ չվարելը, սոցիալական հեռավորություն չպահպանելը։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ամեն օր են՝ առանց հանգստյան օրերի։ Ավելին, դրանք այժմ ավելի ինտենսիվ են․ ամեն մարզում՝ օրական հարյուրավոր տնտեսավարողների մոտ ստուգայցեր են։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը։

Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ եւ մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։

Տեսչական մարմնի աշխատակիցները միայն Արարատի մարզում դիտարկել են հարյուրից ավելի  տնտեսավարողի գործունեություն։

Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով նույն մարզում կասեցրել են երեք տնտեսավարողի գործունեություն։ 

Թերացումների վերաբերյալ ԱԱՏՄ աշխատակիցները ստուգվող տնտեսավարողներին տվել են խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում, իսկ խախտումերի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։