Իրազեկող այցեր՝ Կապանի դեղատներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատողները 2026 թվականի մարտի 11-ին իրազեկող այցեր են կատարել Կապան քաղաքում գործող դեղատներ։

Տարածքային կենտրոնի տեսուչները Կապան քաղաքի 3 դեղատների 8 աշխատակիցների համար խորհրդատվական աշխատանք են իրականացրել՝ էլեկտրոնային եղանակով բաց թողնվող դեղերի վերաբերյալ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև դեղատների աշխատակիցներին հետաքրքրող աշխատանքային հարցերին։

Իրազեկման սեմինար Վանաձոր քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Անուշ Ոսկանյանը 2026 թվականի մարտի 11-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձոր քաղաքում։

Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները, ինչպես նաև դրանում կատարված վերջին փոփոխությունները։

Սեմինարին մասնակցել է տնտեսավարող սուբյեկտների 12 ներկայացուցիչ։

Միջոցառումն ավարտվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։



Պարտադիր բժշկական զննության մասին

Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ փաստաթղթերի պահպանման օրենսդրական պահանջները․

➡️ Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

➡️ Տեղեկանքը պահպանվում է գործատուի մոտ։

* (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 89-րդ հոդված, 1-ին մասի 4-րդ կետ, 1.1-ին կետ)

➡️ Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:

➡️ Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված ձևաչափով:

➡️ Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների՝ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:

* (ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշում, Հավելված 1, 17-րդ կետ)

➡️ Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ փաստաթղթերը՝ որպես վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հիգիենիկ միջոցառումների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր, արխիվացման ենթակա են 5 տարի ժամկետով։

* (ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշում, Հավելված, 149-րդ կետ)