Իրազեկման սեմինար՝ «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2024 թվականի սեպտեմբերի 17-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 50-ից ավելի բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Շ

Ուսումնական հաստատությունների պատասխանատուներին

Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված և հաշվի առնելով, որ փակ տարածքներում մարդկանց կուտակումները նպաստում են օդակաթիլային վարակիչ հիվանդությունների տարածմանը՝

      Տեսչական մարմինը հորդորում է․

Վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում ճշտել բացակայությունների պատճառները և վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում ձեռնարկել համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։

Հայտնաբերված հիվանդներին մեկուսացնել՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։

Արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի՝  «Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին  N 35-Ն հրամանի։

Պահպանել  առողջապահության նախարարի  2017թ. մարտի 28-ի՝ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 12-Ն և 2014 թ.  հունիսի 6-ի  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանների պահանջները։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Էսկո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 06.09.2024 թ-ին տրվել է կարգադրագիր` «Դիմեկսիդ 100 մլ (դիմեթիլսուլֆօքսիդ)» խտանյութ արտաքին կիրառման լուծույթ ապակե շշիկում դեղի 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արտադրված 090724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 100724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 110824 (պիտանիության ժամկետ՝ 08.2027) սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 04-ին ստացված թիվ 01/01/1781-24 գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը՝ ըստ որի հաստատված պատրաստի արտադրանքի պահեստում հայտնաբերվել է վերոնշյալ խմբաքանակների որոշ միավորների թերի խցանավորում, ինչը հանգեցրել է արտադրանքի արտահոսքի և բերել է տուփի և խմբակային փաթեթավորման արկղերի արտադրանքով թրջմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ ոչ ստերիլ դեղերի թերի առաջնային փաթեթավորում, անհրաժեշտ է իրականացնել վերոնշյալ սերիաների շրջանառության դադարեցում և հետ կանչ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից։