Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի հրավեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։

Սեմինարի թեման՝  «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը»։

Սեմինարը կկայանա մայիսի 08-ին, ժամը 11:00-ին։

Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Անվտանգ և առողջ  աշխատանքային միջավայրում աշխատելը՝ որպես յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքի գերակայություն։

2025 թվականի ապրիլի 28-ին՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» թեմայով։

Օրվա կարգախոսը 2025 թվականին. «Հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի, կառավարության, միջազգային կազմակերպությունների, արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց. «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև բարոյական պարտավորություն: Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն կզգա պաշտպանված և գնահատված, իսկ նրա կյանքը և առողջությունը կլինեն առաջնահերթ։»:

Բացման խոսքով հանդես եկան նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը։

Միջոցառման ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան և բաց քննարկում, որտեղ մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է հետևել աշխատանքի անվտանգության կանոններին։   Հիշեցնենք, որ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։


 
  

 

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2025 թ առաջին եռամսյակում ստացվել է 2025 զանգ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2025 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ամիսների․

Հունվար՝  567 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 198,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 21,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 16,
  • Տեղեկատվություն՝ 200,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 125։

Փետրվար՝ 711 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 293,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 20,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 14,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 17,
  • Տեղեկատվություն՝ 269,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 98։

Մարտ՝ 747 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 288,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 15,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 12,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 22,
  • Տեղեկատվություն՝ 280,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 130։