Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում: Տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսավարողների կողմից սանիտարահամաճարակային կաննոների պահպանման նկատմամբ:

Պարետը նկատել է, որ այս առումով բարելավվել է նրանց վարքագիծը, ինչը փաստում է արձանագրված խախտումների քանակը: Մասնավորապես մինչև օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, որից կազմվել է 4548 արձանագրություն և փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսավարողների գործունեությունը: Սակայն, եթե հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրվել են խախտումներ ընդհանուր առամբ 58 տնտեսավարողի մոտ:

Համավարակի կառավարման շրջանակներում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքների մոնիտորինգը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում դեռևս չկա արդյունավետության այն ցանկալի մակարդակը, ինչը հնարավորություն կտար վարակի տարածումը շեշտակի նվազեցնելու:

«Միայն նոր դեպքերի գրեթե զրոյացմամբ կարող ենք դիտարկել լիարժեք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, ինչը նշանակում է գործող սահմանափակումների աստիճանական վերացման սցենարի գործարկում՝ թվերի նվազման հետ զուգահեռ»,-եզրափակել է Ավինյանը:

Ամենամտահոգիչ խախտումները հասցվել են նվազագույնի. Վահագն Նիկողոսյան

Շուրջ 60 տոկոսից` մինչեւ 6 տոկոս. ՀՀ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի վերահսկողական աշխատանքները Գեղարքունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզեր մարզերում այժմ արձանագրում են տնտեսավարողների կողմից խախտումների նվազման այսօրինակ դինամիկա։

«Ամենամտահոգիչ խախտումները հասցվել են նվազագույնի. թերություններն այժմ ավելի թեթեւ են»,- նկատում է Առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը:

Տեսչականի ռեսուրսն, այո, բավարար չէ համաժամանակյա ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար, ինչը լրացվում է աշխատանքի գերլարված ակտիվ ընթացքով։ Տեսչականի Արեւմտյան տարածքայինի աշխատանքային խմբերը թե քաղաքներում, թե գյուղերում հասցնում են լինել մի քանի օրվա պարբերականությամբ։

Զրույցի ուշագրավ մանրամասները` «Քյավառ» հեռուստաընկերության հետ զրույցում։

 

 

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել․ տարեցների սպասարկման ժամերը հաճախ չեն պահվում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որոշ խախտումներ են արձանագրվել․ դրանք ուղարկվում են պարետին՝ որպես անվտանգության կանոնները չպահպանողների հանդեպ կասեցման միջնորդություն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։

ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։

Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։

Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը, ժամը 10-12-ին միայն տարեցների սպասարկման կարգը չպահելուն և այլն։

Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։

ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։