ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԱՀԿ միջազգային առաքելության շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող Վասիլի էսենամանովը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Նունե Դոլյանը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել հատկապես արտակարգ դրության շրջանում տեսչական մարմնի ուժեղացված ռեժիմով աշխատանքներին, դրանց ընթացքում արձանագրված հարցերին եւ վերջինների լուծման ուղղությամբ հրատապ ձեռնարկված քայլերին։

Էսենամանովին հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ Ավագյանը մանրամասներ է ներկայացրել երկրի ներսում տարվող ուժեղացված ստուգայցերի, արձանագրվող արդյունքների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տարվող աշխատանքների վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով հանդերձ՝ հընթացս լուծվում են տեսչականի տեխնիկական վերազինման հարցեր, «Զվարթնոց» ՍԲՀԿ-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, ձեռք է բերվել նոր տեխնիկա, ստանձնած նոր գործառույթի շրջանակում երկիր մուտք գործողների տվյալները մուտքագրվում է միանգամից «Արմեդ» էլեկտրոնային համակարգ։

Անդրադարձ է կատարվել բժշկական թափոնների հավաքման եւ ոչնչացման խնդրին, ինչն ակնառու է դարձել այս ընթացքում։

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ աշխատանքային այլ հարցերի շուրջ եւս։

Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ:

Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի եւ երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։

ԱԱՏՄ-ն այսօր շարունակել է ուժեղացված ստուգայցերը․ դրանք ընթացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ԱԱՏՄ-ն այսօր շարունակվել է ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ հակահամաճարակային կանոնների խախտումները թեեւ ոչ նախկին ծավալներով, սակայն շարունակում են արձանագրվել։ Որոշ տնտեսավարողների մոտ խախտումներ եւ թերացումներ հայտնաբերվել են նաեւ այսօր:

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա՝ ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանները:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում տեղեկացման պահից։