ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են իրենց լայնածավալ աշխատանքը մայրաքաղաքում և մյուս մարզերում

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի եւ պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։

Ստուգայցերի հիմնական ոլորտային ուղղություններից են նաև բժշկական հիմնարկները և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները․ վերջիններում մշտադիտարկումների անցկացումը սահմանված է պարետի 104 որոշմամբ։

Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։

Ուժեղացված ստուգայց` Ստեփանավանում եւ կասեցումներ` Դիլիջանում ու Իջեւանում

Ստեփանավանում բիզնեսը հիմնականում բարեխիղճ է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման հարցում։

Այս պատկերն է այսօր արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը, որի մասնագիտական թիմերը լայնածավալ ուժեղացված ստուգայցեր են անցկացրել քաղաքում։ ԱԱՏՄ մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ դրանք եղել են տեղում շտկման ենթակա ու կասեցման համար հիմք չեն հանդիսանում։

Ստուգայցն ընդգրկել է բավականին լայն ոլորտներ՝ մանրածախ առեւտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։

ԱԱՏՄ-ն զգուշացնում է՝ թեև խախտումները զգալիորեն նվազել են, սակայն անակնկալ ստուգայցերն ամեն օր են ու ամենուր։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

 

Ինչպե՞ս ճանաչել աշխատանքային թրաֆիքինգի ռիսկերը եւ խուսափել դրանցից․ ԱԱՏՄ հորդորը

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մարդկանց աշխատանքային շահագործման կանխարգելումն ամեն պետության պարտավորություններից է:

Այս համատեքստում՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թ․թ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Իսկ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողությունն ԱԱՏՄ կանոնադրությամբ սահմանված լիազորություններից է:

Հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը եւս թրաֆիքինգի տեսակ է։ Ըստ որոշ տվյալների՝ մարդկանց թրաֆիքինգն աշխարհում առավել տարածված հանցագործությունների ցանկում երրորդն է։ Ամեն տարի Հայաստանում մի քանի տասնյակ անձի աշխատանքային շահագործման դեպք է գրանցվում։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ մարդկանց աշխատանքային շահագործման ներգրավման գործընթացում թերեւս ամենամեծ դերն ունի համացանցը․ այն լայն հարթակ է կեղծ հայտարարությունների համար։ Աշխատանքի հրապուրիչ առաջարկներով հեշտ է կապ հաստատել պոտենցիալ զոհերի հետ՝ ներքաշելով թրաֆիքինգի գործընթացում։ Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում արձանագրվում են աշխատանքի կեղծ առաջարկներ, որոնց բնորոշ է․

 Արտերկրում անհամաչափ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ,
 Արտերկրում աշխատանքի թեկնածուին ներկայացվող սահմանափակ պահանջներ, օրինակ՝ աշխատանքային փորձի և/կամ լեզուների իմացության պահանջի բացակայություն,
 Մեծ, անիրատեսական եկամուտ ստանալու հնարավորություն,
 Շահագրգռող պայմաններ,
 Համեմատաբար պարզ աշխատանքի դիմաց բարձր վարձատրություն,
 Որոշ դեպքերում անվճար տեղափոխման և կացության ապահովման առաջարկ,
 Հայտարարության տեքստում հաճախ բացակայում է աշխատանքի տեղավորման գործակալության հասցեն, իսկ կոնտակտային տվյալներից նշվում է միայն բջջային հեռախոսը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:

Արտերկրում առավել հաճախ առաջարկվում են մատուցողուհու, դայակի, գյուղատնտեսի, մաքրուհու աշխատանքներ։

Հարկադիր աշխատանքի զոհ կարող են դառնալ նաեւ երեխաները․ նրանք եւս խիստ խոցելի են այս առումով։ Բոլոր նման կասկածելի առաջարկների, խաբեության դեպքում հարկ է դիմել իրավապահ մարմիններին, իսկ ԱԱՏՄ-ին՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Ըստ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալների, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 2019թ. հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից 5-ի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Մնացած 6 գործերով հայտնաբերվել է հանցագործության 7 դեպք, որոնցից 4-ը աշխատանքային: Աշխատանքային շահագործման դեպքերից 2-ը ներքին, 2-ը՝ արտաքին։