Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում

COVID-19-ի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ԱԱՏՄ-ն եւ ՄԱԶԾ-ն համատեղ տնտեսվարողներին իրազեկում են պարետի սահմանած սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կանոնների մասին։ Մանրամասները փոխանցում է ՀՀ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

 

 

Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։

Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող մի շարք անելիքներ

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն իր նիստում քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող եւ հետագա մի շարք անելիքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Արհմիության կոմիտեի կազմում են տեսչական մարմնի մի շարք վարչությունների պետեր եւ աշխատակիցներ։

Արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ անցկացված հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են միության գումարների ծախսումն արդյունավետ եւ թափանցիկ կազմակերպելու, աշխատողներին խրախուսելու նպատակով մի շարք հետաքրքիր գաղափարների իրագործման հարցեր։

Կարեւորվել է նաեւ ԱԱՏՄ աշխատողների համար սեմինարների կազմակերպման հարցը՝ ուղղված սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ ԱԱՏՄ աշխատանքային թիմերն ըստ տարածքային կենտրոնների եւ սահմանային բժշկասանիտարական կետերի, տեղաբաշխված են ողջ երկրով, ուստի մեծապես կարեւորվել է նաեւ արհմիության ծրագրերի համաչափ իրականացումը՝ ընդգրկելով բոլորին, ապա եւ միահամուռ մոտեցում ցուցաբերելով։

Որոշ առանցքային գաղափարներ՝ կապված ԱԱՏՄ աշխատանքներին արհմիության ներգրավվածության ավելացման հետ, կներկայացվեն ԱԱՏՄ ղեկավարի քննարկմանը։